Քաղաքի աղտոտվածության առաջնային պատճառներից մեկը աղբն է:
Քաղաքապետարանը կարծես, թե «լուծում» էր գտել այս խնդրին՝ օրենք սահմանելով. «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով սահմանված է. չսահմանված կամ չնախատեսված տեղերում, վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց նկատմամբ»։
Բայց ամեն քայլափոխի կարելի է նկատել աղբով լի և աղբով շրջապատված արկղեր, որը խոսում է ոչ միայն քաղաքի փնթիության մասին, այլ աղտոտված օդի, որը շնչում է հասարակությունը:
Եթե կա սահմանած օրենք և կա պատիժ, ինչո՞ւ է շարունակում քաղաքը մնալ այսպես անմխիթար վիճակում, հոգնել է քաղաքապետարանը, գուցե «հուսալքվել» այս անվերջ չլուծվող հարցից: Եվ ո՞ւր են նրանք, ովքեր զբաղվում են աղբի վերահսկմամբ: Իհարկե, նրանք տեղում են, երբ որ պետք է քաղաքացին վճարի աղբի տարհանման գումարը, նրանք այդպիսի պահերին երբեք չեն անհետանում: Եվ անգամ գումարի ուշացման դեպքում, շատ արագ գալիս է տուգանքը, որտեղից կարելի է եզրակացնել, որ քաղաքապետարանն իսկապես շատ «պարտաճանաչ» է նման հարցերում:
Բայց տարօրինակն այն է, որ նույնիսկ հատուկ վերահսկողություն չունենալու դեպքում կարելի է նկատել այս ամենը՝ ամեն քայլափոխի: Թե նման դեպքերում ամուր փակում եք ձեր աչքերը՝ իբրև չտեսաք:
Եթե մի քիչ փոխեք ձեր դեմքի աշխարհագրական դիրքը, գուցե ներքևում կատարվելիքներն էլ նկատեք, պարոնա՛յք...
Հիշեցնենք , որ օրեր առաջ քաղաքի աղբահանության հետ կապված իր մտահոգությամբ YerevanNews.am-ի հետ կիսվել էր նաև Անահիտ Բախշյանը: