Այս տարի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է օձերի հայտնաբերման 128 ահազանգ, որոնք հայտնաբերվել ու բաց են թողնվել անվտանգ տարածք։ Այս տարվա հինգ ամիսներին օձի խայթոցի 23 դեպք է գրանցվել, որոնցից մեկը՝ մահվան ելքով։Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը։
«Վերջին տարիներին վիճակագրությունը ունի աճի միտում, բայց պետք է ասեմ, որ մարդիկ են սկսել ավելի հաճախ զանգել, ի տարբերություն նախկինի, երբ սեփական միջոցներով էին հարցը լուծում։ Նախարարի հրամանով հանրապետության բոլոր ստորաբաժանումներում պատրաստվել են մասնագետներ, որ նման կարգի ահազանգեր սպասարկեն։ Ահազանգերի մեծ մասը մենք ստանում են մայրաքաղաքից, հատկապես սահմանային տարածքներից՝ Արամիվի, Արարատի և Արագածոտնի հարակից տարածքներից»,- ասաց նա։
ՏԿԱԻՆ պաշտոնյան զգուշացրեց, որ եթե մարդիկ իրենց բնակարանում կամ սահմանափակ տարածքում օձ են հայտնաբերում, չվախեցնեն կենդանուն և անկյուն չգցեն, այլապես նա կարող է հարձակվել՝ պաշտպանվելու համար։
Բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ միշտ էլ այս շրջանում օձերը դուրս են գալիս խոնավ վայրերից։ Իսկ մարդկանց հաճախ հանդիպելու պատճառը քաղաքաշինությունն ու գյուղատնտեսությունն է։
«Մարդիկ իրենց գործունեությունը տեղափոխել են այն վայրեր, որտեղ միշտ օձերը բնակվել են։ Հրազդանի կիրճում միշտ եղել են օձեր, բայց վերջին տարիներին այնտեղ շինարարություն է ընթանում ու օձերը դուրս են գալիս։ Գյուղատնտեսություն մարդիկ սկսել են վարել այնտեղ, որտեղ երբեք չեն վաել։ Մարդիկ են գնում դեպի օձի բնակավայրեր»,- ասաց նա։
Մինչև «Շտապօգնության» ժամանելը անհրաժեշտ է առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։ Փորձեք անշարժ պահել մարմնի խայթած մասը, կծած տեղից փորձեք բերանով արյունը քաշել և թքել, անմիջապես զանգահարեք «Շտապօգնություն»։ Մի կտրեք, մի ծակեք կծած տեղը, մի դիմեք հեքիմներին կամ ավանդական բուժման մեթոդներին, այլապես հետո ուշ կարող է լինել»,- ասաց նա՝ նշելով, որ արյունը բերանով քաշելու դեպքում թունավորում հնարավոր չէ, քանի որ օձի թույնը պետք է շփվի արյան հետ, որպեսզի թունավորի օրգանիզմը։


