Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը մեկնարկեց սպասելի ակտիվությամբ և ընթացավ լարված պայքարում:
Մեր հավաքականն առաջին րոպեներին բազմաթիվ վտանգավոր պահեր էր ստեղծում մրցակցի դարպասի մոտ, և ցանկալի գոլը չուշացավ. հանդիպման 14-րդ րոպեին Մարկոս Պիզելին գեղեցիկ գոլով բացեց հաշիվը՝ իրականացնելով տուգանային հարվածը:
Սակայն 29-րդ րոպեին Կրիշտիանո Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը՝ դիպուկ իրականացված 11 մետրանոց հարվածից:
Ռոնալդուի գոլը զգալիորեն գցեց խաղի տեմպը. վտանգավոր պահերը համեմատաբար պակասեցին, իսկ գոլեր այլևս չգրանցվեցին:
Թիմերն ընդմիջման գնացին ոչ ոքի՝ 1:1 հաշվով:
Ընդմիջումից հետո խաղը, կարելի է ասել, գլխիվայր շրջվեց: Պորտուգալացիները մի քանի րոպեների ընթացքում խաղն իրենց ձեռքը վերցրին. Ռոնալդուն հետ - տրիկ ձևակերպեց (55, 58): Հատկանշական է, որ սա Ռոնալդուի հոբելյանական՝ 120-րդ հանդիպումն էր:
61-րդ րոպեին պորտուգալացիները մնացին 10 հոգով. խաղադաշտը թողեց Տիագոն՝ ստանալով 2-րդ դեղին քարտը (34, 61):
Հանդիպման 71-րդ րոպեին Մկոյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ անկյունային հարվածից հետո:
Խաղի ամբողջ ընթացքում մեր տղաներն ստանում էին երկրպագուների ակտիվ աջակցությունը: Հատկանշական է նաև հանդիպման 44-րդ րոպեին Շանթ Հարությունյանի որդու՝ խաղադաշտում հայտնվելը՝ ի նշան նշան բողոքի:
Այսպիսով՝ Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2:3 հաշվով՝ Պորտուգալիայի հաղթանակով:
Մեր հավաքականը շարունակում է 1 միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը: