Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում` կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։

Անդրադառնալով նույն օրը` կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժամունք հոսպիտալացված 2 երեխաներին, նշենք, որ նրանց վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ: Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման:

Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում են աշխատանքը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել: Վաղ առավոտյան կրկին Արմավիրում էր նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը:

Հիշեցնենք նաև, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության՝ սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, սակայն երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է: