Այսօր մամուլի ասուլիսին Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպությունը ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտներ. արդյոք հնարավո՞ր է նրանց օգնությամբ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնել» գիտահետազոտական աշխատանքը:

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանը նկատեց, որ այսօր Հայաստանում բողոքական մեծ զանգված կա և գրեթե յուրաքանչյուր քաղաքացի այնքան էլ գոհ չէ երկրի իրավիճակից: Այսպիսով՝ իրենք ուսումնասիրել են, թե լարված իրավիճակում, որ ՀԿ-ներն են զբաղվում ի նպաստ ՀՀ շահերի, և հակառակը:

«Տասնյակ կազմակերպություններ կան, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, մեծ քանակի դրամաշնորհները գալիս են այնտեղից: Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ մասը մարդկանց պատրաստ է դուրս գալ փողոց և պայքարել անարդարությունների դեմ, պարզապես կայծ է պետք»,- ասաց նա և նշեց, որ կան ՀԿ-ներ, որոնք ցանկացած միջադեպ փորձում են քաղաքականացնել:

Արման Ղուկասյանն ասաց, որ իրենք առաջարկում են պետական մակարդակով վերահսկողություն լինի, վերաուղղորդվեն ՀԿ-ների գործունեությունը, որպեսզի նրանք իրական խնդիրների լուծմամբ զբաղվեն: «Պետք է անվտանգության մեխանիզմներ մշակել, որպեսզի այլ երկրներին թույլ չտրվի ներխուժել մեր երկրի ներքին խնդիրներին՝ կազմակերպությունների միջոցով»,- ասաց նա: Ըստ նրա սուբյեկտիվ կարծիքի, Հայաստանի շահերին ուղղված աշխատանքներ չեն տանում մասնավորապես Հելսինկյան կոմիտեն, կանանց ռեսուրսային կենտրոնը, «Նոր սերունդ» հումանիտար ՀԿ-ն և այլ կենտրոններ:

Ըստ նրա, եթե այսպես շարունակվի հնարավոր է քաղաքացիական հասարակության ինստիտուտների օգնությամբ Հայաստանում հեղափոխություն իրականացվի:

Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ շատ երկրներում քաղաքացիական, հասարակական ինստիտուտները, քաղաքացիական նախաձեռնությունները ձեռք են բերել քաղաքական ուժի գործառույթ և ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքական իրադարձություններին, հեղափոխություններին:

«Հայաստանում վերջին տարիներին ՀԿ-ների քանակը, քաղաքացիական նախաձեռնությունների թիվը մեծացել է»,- ասաց նա և նշեց, որ թեև դա մի կողմից դրական է, սակայն ցավալի է, որ փորձում են խեղաթյուրել և այլ ուղղությամբ տանել շարժումը: Նա նկատեց, որ Սորս հիմնադրամի կողմից շատ ՀԿ-ներ են ֆինանսավորվում, որոնք արժեհամակարգային, մտածելակերպի փոփոխություն են փորձում բերել:

Նա ներկայացրեց, որ իրենց հարցման մասնակիցների 47- տոկոսը տղամարդիկ է եղել, 53 տոկոսը կանայք: «Հարցվածների 40 տոկոսը ՀԿ անդամ էր և նրանցից 19 տոկոսը նշել է, որ դուրս կգա փողոց և գունավոր հեղափոխություն կիրականացնի, իսկ ընդհանուր հարցված քաղաքացիների մեծամասնությունը՝ 70 տոկոսը, դեմ են գունավոր հեղափոխություններին»,-ասաց նա: