Այսօր տեղի ունեցավ տուրիզմի ոլորտում անցկացվող «Տուրիստական Հայաստան 2015»մրցույթին նվիրված ասուլիս, որը կազմակերպվել էր «Տուրիստական Հայաստան» ամսագրի կողմից: Ասուլիսի բանախոսներն էին ամսագրի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանը, միջոցառման կազմակերպիչ Սարգիս Մուղումյանը և ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Շուվաևվա-Պետրոսյանը:

Բանախոսները ներկայացրեցին Հայաստանում արդեն երկրորդ անգամ զբոսաշրջության ոլորտում անցկացված մրցույթի նպատակները, խնդիրները և անցկացվելիք մրցանակաբաշխության մանրամասները: Ի դեպ՝ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին, որի ընթացքում պարզ կլինեն արդյունքները:

Բանախոսները նշեցին բոլոր այն առավելությունները, որոնք Հայաստանը հիանալի վայր են դարձնում զբոսաշրջության համար: Հատկապես առանձնացրեցին յուրահատուկ և ինքնատիպ ճարտարապետական լուծումներով կառուցված վանքերը, եկեղեցիները և այլ շինություններ, որոնց մի մասը հազարամյակների պատմություն ունի: Նաև շեշտեցին Հայաստանի և Արցախի հրաշալի բնությունը, որն ինքնին բազմապատկում է տեսարժան վայրերի քանակը և հնարավորություն է տալիս տարբեր նախասիրություններ ունեցող տուրիստներին լիարժեք վայելել իրենց հանգիստը տարվա բոլոր եղանակներին: Բանախոսները չմոռացան խոսել նաև հայկական խոհանոցի և ավանդական ծիսակատարությունների մասին:

«Տուրիստական Հայաստան» ամսագրի կողմից կազմակերպված ասուլիսը նվիրված էր «Տուրիստական Հայաստան 2015» ամենամյա մրցույթին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին Տերյան 76 հասցեում գտնվող «Yans» ակումբում: 

Մրցույթին մասնակցելու համար ընդունվել է 150 դիմում տարբեր կազմակերպություններից, հյուրանոցներից, ռեստորաններից և անհատներից, որոնք ուղղակի կամ աննուղղակի կապ ունեն Հայաստանի և Արցախի զբոսաշրջության հետ: Մրցանակաբաշխության ընթացքում 14 անվանակարգերի հաղթողներին բրոնզե արձանիկներ են շնորհվելու: Մրցանակաբաշխության նպատակը ոլորտում լավագույններին առանձնացնելը, մնացածների համար լավագույնը դառնալու շարժառիթ հանդիսանալը, ՀՀ-ում և Արցախում տուրիզմի պրոֆեսիոնալ կազմակերպումը և խթանումն է:

Բանախոսը նշեց, որ «Армения Туристическая» ամսագիրը հանդիսանում է ռուսական «Отель груп»-ի կազմակերպություններից մեկը և, բնականաբար, ֆինանսավորումն իրականացվում է հենց «Отель груп»-ի Մոսկովյան գրասենյակից: «Отель груп»-ի նախագահը հայ է և իր ներդրումներն ուզում է իրականացնել Հայաստանում:

Մրցանակաբաշխությանը սպասվում են ՀՀ-ում տարբեր դեսպանատներից հյուրեր, մասնավորապես՝ ՌԴ դեսպանը:
Մրցանակաբաշխությունը վարելու են Ելենա Շուվաևվա-Պետրոսյանը և Սարգիս Նաջարյանը:
Գլխավոր գործընկեր՝ «ԵՐԵՎԱՆ ԹՐԱՎԼ», պաշտոնական գործընկերներ՝ «ՕՊԵՐԱ ՍՈՒԻԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ, «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ, «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ», գործընկերներ՝ «ԾԱՂԿԱՁՈՐ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ, «ԿԱՍԿԱԴ ՀՈԹԵԼ», «ԲԱՆՏԻԿ» խանութը, «ԹԲԻԼԻՍԻ ԹՐԱՎԼ»