Դժվար է ասել՝ Հայաստանում վերջին շրջանում ավելացե՞լ է ինքնասպանությունների թիվը, թե՞ պարզապես դրանց լուսաբանումն է ավելացել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանը՝ շարունակելով, որ Հայաստանում կա թյուր կարծիք, թե ինքնասպանությունների մասին խոսելն ավելացնում է դրանց թիվը:

«Թյուր կարծիք կա նաև, թե ինքնասպանությունների մասին չպետք է խոսել: Պարզապես այդ լուսաբանումն ինքնանպատակ չպետք է լինի»,- ասաց Արկադի Մեհրաբյանը:

«Ինքնասպանության դրդապատճառները լինում են անլուծելի կոնֆլիկտների առկայությունը, սեփական անձի անպիտան լինելը, լինում են նաև դեպրեսիվ էպիզոդներ, որն էլի հանգում է անպիտանելիության, անկարող լինելու մտքին»,- ասաց հոգեբանը: Նա նշեց, թե ինքնասպանությունների պատճառ հանդիսացող դրդապատճառներից է նաև անպատասխան սերը կամ սիրո կորուստը, ինչն էլ տարիքային բնույթ է կրում:

Ըստ նրա՝ բոլոր դեպքերում էլ՝ սոցիալական կամ այլ պատճառներն, ի վերջո բերում են անպիտանելիության զգացումին, երբ մարդը հասկանում է, որ ի վիճակի չէ խնդրին լուծում տալ: