Ազնավուրն ինձ շատ նվերներ է արել` սկավառակներ, գրքեր, համերգի հրավիրատոմսեր: Բոլորը` ինքնագրերով:
Նրա հերթական ինքնակենսագրականը լույս տեսավ 2009-ին: Աղջկաս ծնվելուց մի քանի օր հետո էր: Գիրքը կոչվում է << Ցածր ձայնով>>: Մանեի անունով ընծայագիր խնդրեցի: Առաջին էջում գրեց “Pour Mané avec amitié”- ն, էլի ինչ –որ բան ու <<Բարի գալուստ, մեր մոլորակ, Մանե’>>:
Երեք- չորս ամիս անց, Բերսիի ձայնագրման ստուդիաներից մեկում Ազնավուրն իր Սայաթ Նովան էր ձայնագրում: Հարցազրույց էլ եղավ: Մեծանուն պետական այրերի էր ուզում հիշատակել, բայց իզուր... Անունները մոռացվում են:
Ես, որ երբեք վստահ չեմ եղել, թե անունս գիտի` չզարմացա: Մանավանդ, մի անգամ եմ նրան ներկայացել: Մի տասներեք տարի առաջ, առաջին ինտերվյուի ժամանակ:
- Արտակ:
- Արտա՞կ…
- Այո:
- Շատ նոր անուն է:
- Չէ…
- Դե, մի ժամանակ Մարտիրոս, Կարապետ… էս տեսակ անուններ էին դնում:
- Դեմ չեմ, Մարտիրոս ասեք: Միայն թե… համաձայնեք պատասխանել հարցերիս:
Մեր ծանոթությունից յոթ տարի եւ Մանեի անունը ընծայագրի մեջ երկու անգամ նշելուց երեք – չորս ամիս հետո էր. Բերսիի ձայնագրման ստուդիայում ինտերվյուն ավարտեցինք: Խորտկարան գնացինք: Ազնավուրը մանկական մենյու պատվիրեց` ավելի թեթեւ է ու փոքր չափաբաժնով:
-Երեխաներն իրենց բերանի համը ավելի լավ գիտեն,- ընտրությունն արդարացրեց Ազնավուրը ու, թե` փոքրիկ փարիզուհին` Մանեն լա՞վ է…
Այս անգամ, երբ Ազնավուրը Երեւանում էր, մտածեցի մի անգամ էլ ես զարմացնեմ նրան: Օրիգնիալ նվեր Վերինսաժում չես գտնի, որքան էլ շաբաթ –կիրակի թափառես այնտեղ:
Նորից Վերնիսաժում էի, երբ զանգեց հռչակավոր միկրոքանդակագործ Էդուրադ Տեր- Ղազարյանի հարսը, նրա տաղանդավոր թոռան` միկրոքանդակագործ Էդուարդ Տեր- Ղազարյանի, կինը` Արեւհատ Գիրգորյանը:
-Ամուսինս Ազնավուրի համար աշխարհի ամենափոքր խաչքարն է քանդակում: Կհասցնե՞ս Ազնավուրին:
Ազնավուրի հետ ինտերվյուն արդեն ավարտվում է: Զարմացնելու ոչինչ չունեմ: Վերջին պահին հասան Էդուարդն ու Արեւը` գինու շշի տոպրակով:
Ազնավուրին ուզում եմ ասել` հիմա Ձեզ կփոխանցեմ աշխարհի ամենափոքր խաչքարը` արված 1.7 մմ բյուրեղապակու վրա: Բայց… միկրոսկոպի մեջ ուրիշ քանդակ է` փիղը մազի ծային…
Աշխարհի ամենափոքր խաչքարը ընդամենը կես ժամից էր պատրաստ լինելու:
Մեկ օրից Ազնավուրի խաչքարը Էդուարդը ինձ նվիրեց: Ընդուեցի: Մի թեթեւ դիմադրելուց հետո եւ մեծ շնորհակալությամբ, անշուշտ:
Արտակ Հերիքյան