Հոկտեմբերի 16-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երվանդ Վարոսյանն լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել Վլադիմիր Պերմյակովի տված ցուցմունքներից:
«Որոշակի իրարամերժ ցուցմունքներ տվել է, բայց վերարտադրելով՝ ստացվում է, որ զորամասը լքել է, որպեսզի սահմանները հատելով՝ հասնի Ռուսաստան: Իր նպատակը եղել է տուն գնալը, իսկ զենքը վերցրել է հետը, որպեսզի զենքի միջոցով հագուստ և գումար հայթայթի»,- ասել է նա:
Ինչո՞ւ հենց Ավետիսյանների տունը... քանի որ երկար փնտրելուց հետո առաջին բաց դարպասն է եղել: Փորձել է թակել, քանի որ արձագանք չի եղել կարծել է, թե տանը մարդ չկա: Սակայն, ասել է նաև, որ ինքնաձիգը լիցքավորել է և պատրաստ է մտել տուն՝ նաև սպանելու: Այսինքն՝ նշում է, որ եթե տանը լինեին մարդիկ, ովքեր իրեն խոչընդոտ են լինելու հագուստ, գումար հայթայթելու տեսակետից, ինքը սպանելու էր:
«Ըստ Պերմյակովի՝ ինքն անմիջապես իրեն կորցրել է, կրակոցներ է արձակել, որի ձայնից զարթնել են տան մնացած անդամները և անցնելով սենյակները՝ բոլորին սպանել է հրազենի գործադրմամբ»,- մանրամասնեց նա:
Պերմյակովը այդ սպանությունը տարբեր կերպ է նկարագրել՝ մեկ ասել է խզակոթով է հարվածել, մեկ ասել է սվին դանակով է հարվածել, մեկ ասել է՝ կրակել է, մեկ ասել է աղջիկը մահճակալի մեջ կանգնած է եղել, մեկ ասել է պառկած է եղել: Ըստ Պերմյակովի՝ ամբողջը տևել է 15 րոպե: