ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների իրացման դեպքեր, թմրանյութեր իրացնելու մեջ ներգրավված 2 անձի ինքնություն։
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում, նոյեմբերի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի (Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը, պահելը կամ դրանք ապօրինի իրացնելը, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը կամ դրանք ապօրինի իրացնելը) և 268-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հատկանիշներով։
Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է Երևան քաղաքի մի բնակչի կողմից թմրամիջոցների և պրեկուրսորների ձեռքբերման աղբյուրը, դրանք իրացնող անձանց ինքնությունը։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ թմրամիջոց և պրեկուրսոր իրացրած 2 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրանցից մեկին՝ Երևան քաղաքի 57-ամյա բնակիչ Ս.Ավագյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ափիոն» տեսակի թմրամիջոց իրացնելու համար, իսկ Կոտայքի մարզի 44-ամյա բնակիչ Ա.Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝ «ափիոն» տեսակի թմրամիջոց և «քացախաթթվի անհիդրիդ» տեսակի պրեկուրսոր իրացնելու համար։
Նախաքննությունը շարունակվում է: