Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ արդեն 1 տարի է ինչ ԲՀԿ-ն գտնվում է անբնական վիճակում.«Ինքը տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է, որն ընդդիմադիր չի կարող լինել», ասաց Սուրեն Սուրենյանցն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի երեկ ֆեյսբուքում կատարած այն գրառմանը, թե իր անձնական կարծիքով ԲՀԿ-ն 2013 թվականի աշնանային նստաշրջանին պետք է հայտարարի, որ ընդդիմություն է: Քաղաքագետն Օսկանյանի այս գրառման մեջ անկեղծություն պակաս է տեսել: Նրա համար անհասկանալի է, թե ԲՀԿ-ն ինչո՞ւ չհայտարարեց իրեն ընդդիմադիր 2012 թվականի աշնանային նստաշրջանի ժամանակ, կամ նախագահական ընտրությունների ժամանակ։
«ԲՀԿ-ն զուտ դասական իմաստով քաղաքական ամբողջություն չէ: Այնտեղ կա քաղաքական թիմ, որի ղեկավարը հենց պարոն Օսկանյանն է, որն իսկապես, քաղաքական դիրքորոշումներ է արտահայտում, որ իսկապես տարբեր իրադարձությունների վերաբերյալ ունի իր հստակ գնահատականները և այնտեղ կա գործարար թև, որն իր քաղաքական տեսակետներով իր վարք ու կանոնով շատ նման է իշխանությանը», առանձնացրեց քաղաքագետն ու իր խոսքի լավագույն դրսևորումը համարեց այն, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ գործարարները մասնակցեցին:
«Արդյոք Օսկանյանը պատկերացնում է ԲՀԿ-ին ընդդիմադիր»,ասաց Սուրենյանցն ու հավելեց, որ ավելի լավ կլինի, որ Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանին պատմի, թե ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի հետ, երբ նա միացավ ընդդիմադիրներին: