Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  կարծում է, որ արդեն 1 տարի է ինչ ԲՀԿ-ն գտնվում է անբնական վիճակում.«Ինքը տիպիկ օլիգարխիկ կուսակցություն է, որն  ընդդիմադիր չի կարող լինել»,­ ասաց Սուրեն Սուրենյանցն  այսօր՝  լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի երեկ ֆեյսբուքում կատարած այն գրառմանը, թե իր անձնական կարծիքով ԲՀԿ-ն 2013 թվականի աշնանային նստաշրջանին պետք է հայտարարի, որ ընդդիմություն է:  Քաղաքագետն Օսկանյանի այս գրառման մեջ անկեղծություն պակաս է տեսել: Նրա համար անհասկանալի է,  թե ԲՀԿ-ն ինչո՞ւ չհայտարարեց իրեն ընդդիմադիր 2012 թվականի աշնանային նստաշրջանի ժամանակ, կամ նախագահական ընտրությունների ժամանակ։

«ԲՀԿ-ն զուտ դասական իմաստով քաղաքական ամբողջություն չէ: Այնտեղ կա քաղաքական թիմ, որի ղեկավարը հենց պարոն Օսկանյանն է, որն իսկապես, քաղաքական դիրքորոշումներ է արտահայտում, որ իսկապես տարբեր իրադարձությունների վերաբերյալ ունի իր հստակ գնահատականները և այնտեղ կա գործարար թև, որն իր քաղաքական տեսակետներով  իր վարք ու կանոնով շատ նման է իշխանությանը»,­ առանձնացրեց քաղաքագետն ու իր խոսքի լավագույն դրսևորումը համարեց այն, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ գործարարները մասնակցեցին:

 «Արդյոք Օսկանյանը պատկերացնում է ԲՀԿ-ին ընդդիմադիր»,­ասաց Սուրենյանցն ու հավելեց, որ ավելի լավ կլինի, որ Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանին պատմի, թե ինչ եղավ Խաչատուր Սուքիասյանի հետ, երբ նա միացավ ընդդիմադիրներին: