ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց, կին վարորդի կողմից վարած թիվ 10 երթուղու տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներ Սեդա Սեդրակյանին և Հասմիկ Իգիթյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, իսկ Ս. Սեդրակյանը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։