Վրաստանն այս օրերին գտնվում է ակտիվ քաղաքական գործընթացների փուլում: Ըստ էության, կարելի է ասել իշխանությունները պատրաստվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որը տեղի կունենա 2016 թվականի աշնանը: Վարչապետի հրաժարականը նույնպես իր մեջ ուներ նման մեսիջներ:
Նախապատրաստվելով ընտրություններին՝ Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ է անում ընտրական օրենսգրքում: Մասնավորապես, այդ փոփոխությունները վերաբերում են մեծամասնական մանդատների ընտրատարածքների փոփոխությանը: Սրանով պայմանավորված՝ տվյալ ընտրատարածքի էլեկտորատի նվազագույն ցենզը հասցնում են 50 հազար ընտրողի: Փոփոխությունների հիմնական թիրախը մայրաքաղաք Թբիլիսին է, որտեղ ներկայիս գործող 10 մեծամասնական մանդատները դարձնում են 22 մանդատ: Այստեղ ակնհայտ է իշխանությունների մտավախությունը խորհրդարանական ընտրություններին՝ ստանալու այդ մանդադները: Այս քայլով՝ «բաժանիր, որ տիրես», նրանք մասնատում են, որպեսզի կարողանան օգտագործել իրենց լծակները «թաղային հեղինակությունների» ակտիվ գործունեությամբ:
Սակայն այս փոփոխությունները միայն չեն սահմանափակվում քաղաք Թբիլիսիով: Փոփոխությունների ալիքը տարածվում է ամբողջ հանրապետությունով մեկ: Հատկապես այստեղ ուշագրավ են ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող հակասությունները, մասնավորապես՝ հայրենի Ջավախքի: Մինչև այս փոփոխություններն Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետները հանդես էին գալիս որպես առանձին մեծամասնական մանդատներ՝ ընդգրկելով համապատասխանաբար պետության 40 և 41 ընտրատարածքները: Օրենսգրքի փոփոխությունը նախատեսում է այս երկու ընտրատարածքների միավորում և մեկ մեծամասնական մանդատի հաստատում: Սակայն սա չէ միայն անհանգստացնող կողմն այս փոփոխության, որն ազգությամբ երկու հայ մեծամասնական պատգամավորի փոխարեն ստացվում է ներկայանալ խորհրդարան մեկ մանդատով:
Այս նույն փոփոխություններով Ախալքալաքի մունիցիպալիտետի թվով 15 լիովին հայկական գյուղեր բաժանվում և կցվում են Բորժոմիի ընտրատարածքին՝ այս կերպ պահպանելով օրենքով սահմանված էլեկտորատի 50 հազար նվազագույն շեմը: Արդյունքում ստացվում է, որ թվով 15 հայկական գյուղերի կենտրոնը, ըստ էության, հայկական Ախալքալաքից տեղափոխվում է վրացական Բորժոմի քաղաք: Սա, անշուշտ, ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, որոնք ամփոփված են Եվրոպայի խորհրդի կողմից 1992թ. ընդունված «ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանության մասին» կոնվենցիայում:
Այս քողարկված քաղաքականության շարունակությունը կարող է լինել ընդհուպ մինչև մունիցիպալիտետների սահմանների փոփոխություն՝ հիմքում ունենալով մեծամասնական մանդատը: Գոյություն ունեն մի շարք սզբունքներ, որոնք սահմանում են, որ տարածքային (Վրաստանի համար՝ օլքային) սահմանները գծելուց պետք է հաշվի առնել տվյալ միավորի համար պատմական, աշխարհագրական, էթնիկական և մի շարք այլ հիմնարար սկզբունքներ:
Պետությունները և նրանում ապրող ազգային փոքրամասնությունները պետք է չհատեն ինտեգրացիայի սահմանը՝ այն տանելով դեպի ձուլման: Իսկ ձուլումն ինքնին նշանակում է ազգային գենոֆոնդի պահպանման խնդիր:
Ashot Tsormutyan