Աշխարհն ունի բարության կարիք, առավել ևս հոգածության ու խնամքի կարիք ունեցող տարեցները, որոնք հարազատների անուշադրության, անտարբերության արդյունքում հայտնվել են անօգնական, անտեր վիճակում: Բարեբախտաբար ծայրահեղ վատ վիճակում գտնվողները հանգրվան են գտնում "Հույսի տուն" ծերերի հանգստավայրում, որի հիմնադիր - տնօրեն Արզուման Հարությունյանը անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովում է նրանց համար:
Ամանորը տարեցների համար տոն դարձնելու նպատակով Արզուման Հարությունյանը Վանաձորում գործող "Հույսի տուն" էր հրավիրել ժողովրդական երգեր կատարող տաղանդավոր երիտասարդների, որոնց փայլուն կատարումները սրտահույզ էին, հոգեթով: Մավր Մկրտչյանի, Գրիգոր Միրզոյանի մորը նվիրված երգերից հետո բոլորի աչքերում արցունք էր ու մորմոք: Եվա Եգանյանն ու Հասմիկ Թորոսյանը բարձրացրեցին ներկաների տրամադրությունը ստեղծելով աշխույժ մթնոլորտ:
Ամանորի նվերը երգի տեսքով ստացված էր, քանի որ համերգի ավարտին ծերունական աչքերում հույսի շող կար, իսկ շրթունքներին օրհնանքի խոսքեր:


