Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Մենք գնացել ենք շատ պարզ, բյուրեղյա աշխատանքի ոճով և կարծում եմ, որ սա խիստ նպաստավոր է եղել, որպեսզի մարդկանց զգոնությունը բարձր լինի»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից:

Պոլիկլինիկական ցանցում այցելությունների բարելավվում է նկատվում:

Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է:

«Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով»,-նշեց նախարարը:

Արձագանքելով լրագրողի հարցին, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը ձեռք բերելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևիցե մեկին մենաշնորհ տրված չէ: Տամիֆլյուն միշտ եղել է հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, որն իր դեղատնային ցանցում կամ մեծածախ առևտրային գործունեության ընթացքում կարող է ներկրել և վաճառել: Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովել ենք անվճար: Այս պահին ունենք համապատասխան պաշարները և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել»: