ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի հերթական արդյունքներն այսօր հրապարակելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ միասնական վարկանիշով 1-ին տեղում Երևանի պետական համալսարանն է, 2-րդ տեղում՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, 3-րդ տեղում՝ Երևանի պետական բժշկական համալսարանը:

«4-րդն Ամերիկյան համալսարանն է, 5-րդը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, 6-րդը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, 7-րդը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, 8-րդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, 9-րդը՝ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, 10-րդը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը:

Վերջինիս խոսքով՝ Երևանի պետական համալսարանը նախորդ տարի ևս առաջատարն է եղել, բազմաթիվ ցուցանիշներով ունի դրական միտումներ:

Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համար ուսումնական հաստատությունները խմբավորվել են ըստ բուհերում առկա կրթական ծրագրերի և մասնագիտական ոլորտների, ինչպես նաև առանձնացվել են արվեստի բուհերը: