Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներն անդրադարձան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորների նկատմամբ գործադրվող անօրինական ճնշումներին, որոնց մասնակից են նաև տեղի բարձրաստիճան պաշտոնյաները: 

Նրանց խոսքերով այդ մասին գիտեն բոլորը, սակայն չեն բարձրաձայնում, քանի որ կալանավայրում դա կյանքի և մահվան հարց է: Որպես օրինակ նշվեց դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի անունը, ով պարբերաբար ենթարկվում է խոշտանգումների:

Փաստաբանի խոսքով ասուլիս հրավիրելու նպատակը ոչ թե որևէ մեկին արդարացնելն է, այլ մարդու կյանքի իրավունքը պաշտպանելը:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը նշեց.

«Հրաչյա Գևորգյանի նկատմամբ ի սկզբանե ճնշումներ են կիրառվել, նա ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի, քանի որ ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է»:

Փաստաբանը նաև նշեց, որ առողջական խնդիրների պատճառով դատապարտյալին տեղափոխել են ՔՀԿ հիվանդանոց, որտեղ վերջինիս թունավորել են, այնուհետև ծանր վիճակով տեղափոխել հիվանդանոց: Այստեղ էլ շուրջ 15 օր գտնվել է կոմայի մեջ և բուժում տալու փոխարեն նորից վերադարձրել են Նուբարաշեն:

Թունավորման հարցով գրեական գործ է արդեն հարուցվել, որը, սակայն, ձգձգվում է:

Դատապարտյալ Հրաչյա Գևորգյանն ունի Հեպատիտ C և տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, որն ազատ աչձակելու համար հիմք է ծառայում, սակայն փաստացիորեն անտեսվում է:

Այս ամենի վերաբերյալ ասոցիացիայի անդամները համապատասխան տեղեկություններ են փոխանցել մի շարք կառույցների՝  Օմբուդսմենին, Արդարադատության նախարարությանը կից գործող արագ արձագանքման խմբին: Վերջիններս ևս հաստատել են անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների փաստերը:

Փաստաբան Նինա Կարապետյանը նաև հավելեց, որ 2015թ.-ի ընթացքում ՔԿՀ-ներում հիվանդություններից մահացել է 25 մարդ, իսկ նորմալ պատասխան կամ որևէ արձագանք ստանալ պարզապես չեն կարողանում: