Բոլոր հնարավոր մարմիններ դիմում և նամակներ եմ ուղարկում, դեռ պատասխան չկա․ Tert.am-ին Ադրբեջանում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանի մասին վերջին նորությունները հաղորդեց նրա գործընկեր Ելենա Մակարենկոն:
«Մենք նրան Կարմիր խաչի միջոցով նամակ ենք ուղարկել»,- պատմեց նա՝ հավելելով, որ միջազգային կառույցն իր ընկերոջ մասին ոչինչ չի ասում, նրանք միայն նամակն են փոխանցում:
Ելենա Մակարենկոն պատմեց նաև, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանի ընտանիքը, ինչպես իրենց որդին էր խնդրել, արդեն դիմել է Ադրբեջանի դատախազությանը նրա գործն ավարտին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական բանտում գտնվող հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը զանգահարել էր իր քրոջը՝ Մարիաննա Միրզոյանին և խնդրել անձամբ իրեն այլևս նամակ չգրել։ Հետո խնդրել է իր ողջույնները փոխանցել ծնողներին և ասել, որ ինքն այլևս իրենց մոտ չի վերադառնա: Նա նաև խնդրել էր քրոջից, որ նամակ գրի Ադրբեջանի դատախազությանը՝ իր գործին ընթացք տալու համար:
Հիշեցնենք նաև, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանին նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալել և անազատության մեջ են պահում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում են ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում են, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:
Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ: