«Էլեկտրաէներգիա ստանալու 3 աղբյուր կա, որից մեկը գազն է և, բնականաբար, վերջինիս թանկացումը կարող է ազդել նաև էլեկտրաէներգիայի գնի վրա»,- այսօր նման կարծիք հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքերով, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջին հերթին «կմեռնի» շինինդուստրիան, այնուհետև կտուժի տրանսպորտը, որի հետևանքով կլինի գնաճ: «Ոչ ոք չի կարող ինչ-որ գործ անել առանց գազի և էլեկտրաէներգիայի, հետևաբար, դրանց թանկացման դեպքում կավելանան առանձին ապրանքների և ծառայությունների գները»:
Ա. Պողոսյանը նաև նշեց, որ գազի գինը սահմանվում է Կրեմլում, այսինքն` Հայաստանն այդ հարցում անելիք չունի: «Սա քաղաքական խնդիր է», - հայտարարեց նա:
Անդրադառնալով վերջին շրջանում ՀԿ-ի կատարած մոնիթորինգի արդյունքներին, նա նշեց, որ գների բարձրացումը կատարվում է աննկատ կերպով, որից ամենաշատը տուժում են առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ` հացը, կաթնամթերքը, ձեթը, շաքարավազը, ինչպես նաև` գյուղմթերքը:
Ըստ նրա, գնաճ է տեղի ունենում նաև այլ կերպ: «Հացի գինը կարող է մնալ նույնը, սակայն պակասում է քաշը, սա նույնպես թանկացման օրինակ է: Նույնը վերաբերում է նաև շաքարավազի մեջ խոնավության բարձրացմանը»:
Մոնիթորինգ է անցկացվել նաև 40 խանութներում, որից 18-ում հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ: «Թեկուզ մեկ ժամկետանց ապրանքի առկայության դեպքում խանութը տուգանվել է», - հայտարարեց Ա. Պողոսյանը: