«Էլեկտրաէներգիա ստանալու 3 աղբյուր կա, որից մեկը գազն է և, բնականաբար, վերջինիս թանկացումը կարող է ազդել նաև  էլեկտրաէներգիայի գնի վրա»,- այսօր նման կարծիք հայտնեց  Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:  

Նրա խոսքերով, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով առաջին հերթին «կմեռնի»  շինինդուստրիան, այնուհետև  կտուժի տրանսպորտը, որի հետևանքով կլինի գնաճ: «Ոչ ոք չի կարող ինչ-որ գործ անել առանց գազի և էլեկտրաէներգիայի, հետևաբար, դրանց թանկացման դեպքում  կավելանան առանձին ապրանքների և ծառայությունների գները»:

Ա. Պողոսյանը  նաև նշեց, որ  գազի  գինը սահմանվում է Կրեմլում, այսինքն` Հայաստանն այդ հարցում անելիք  չունի: «Սա քաղաքական խնդիր է», - հայտարարեց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում ՀԿ-ի կատարած մոնիթորինգի արդյունքներին, նա նշեց, որ  գների բարձրացումը կատարվում է աննկատ կերպով, որից ամենաշատը տուժում են առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ` հացը,  կաթնամթերքը, ձեթը, շաքարավազը, ինչպես նաև` գյուղմթերքը:

Ըստ նրա, գնաճ է տեղի ունենում նաև  այլ կերպ: «Հացի գինը կարող է մնալ նույնը, սակայն պակասում է քաշը, սա նույնպես թանկացման օրինակ է: Նույնը վերաբերում է նաև շաքարավազի մեջ խոնավության բարձրացմանը»:

Մոնիթորինգ է  անցկացվել նաև  40 խանութներում, որից 18-ում հայտնաբերվել են ժամկետանց ապրանքներ: «Թեկուզ մեկ ժամկետանց ապրանքի առկայության դեպքում խանութը տուգանվել է», - հայտարարեց Ա. Պողոսյանը: