Շարունակվում է Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Իր այցի շրջանակում Հայաստանի փոխվարչապետը շարունակեց հանդիպումներ ունենալ ամերիկացի կոնգրեսականների հետ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Երեկ երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:
Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով:
Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշեց, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչեւ ապրիլ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծեց ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարեւորությունը:
ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունեց փոխվարչապետ Միրզոյանին եւ ներկայացրեց իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը:
«Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:
Ըստ նրա՝ ընտրությունները կարեւոր են, սակայն կարեւոր են նաեւ այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցեց նաեւ քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:
Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելեց նաեւ Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպում ունեցավ ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:
Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծեց Հայաստանում ընթացող զարգացումների կարեւորությունը:
«Ողջ աշխարհը հետեւում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգեւորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- ասում է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:
Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատեց գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:
Հանդիպումն այնուհետեւ շարունակվեց փակ դռների հետեւում: