Օրեր առաջ Մկրտիչ Արզումանյանն իր Instagram-ում տեղեկացրեց իր մասնակցությամբ նոր արկածային կինոկատակերգության մասին: Նրա գրառումից րոպեներ անց երկրպագուներն արդեն փորձում էին կռահել՝ ինչ ֆիլմի մասին է խոսքը: Իսկ NEWS.am STYLE-ը հարցերի պատասխանները փորձեց կորզել անձամբ սիրված դերասանից: Մկոն, իհարկե, նախընտրեց սյուժետային գիծն առայժմ գաղտնի պահել, սակայն ֆիլմի մասին որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, բացահայտեց:

«Այս պահին գաղտնիության քաղաքականությունը թույլ չի տալիս ամեն ինչ բացահայտել, բայց փորձեմ կիսվել հնարավորինս շատ ինֆորմացիայով:

 

Կարող եմ ասել, որ ֆիլմը դետեկտիվից եւ կատակերգությունից բաղկացած շատ համով կոկտեյլ է, որը կհավանեն, նույնիսկ, իրար հետ ոչ մի հումորային կապ չունեցող մարդիկ»,-նշեց դերասանը:

Նոր ֆիլմը, որի անվանումը Մկոն դեռեւս նախընտրեց գաղտնի պահել, իր շուրջ է համախմբել ռեժիսոր Հայկ Կբեյանին, բեմադրող օպերատոր Արթուր Ուստյանին, սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանին: «Իսկ բոլորիս մեկ տեղում հավաքել է «PersonaJe Films»-ը: Սա մեր առաջին համագործակցությունը չէ: 2016-ին միասին ստեղծեցինք «Փախիր կամ Ամուսնացիր»-ը. հիմա եկել է բոլորովին նոր ֆիլմ եւ կերպար ստեղծելու ժամանակը:

Պրեմիերան սպասվում է աշնանը, իսկ հիմա ինձ արդեն կանչում են նկարահանման հարթակ, պետք է գնամ, ադիոս»,-իրեն բնորոշ հումորով եզրափակեց դերասանը:

Նյութի աղբյուրը` News.am