Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը Թվիթերում։ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ էր տվել ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հիմնի ժամանակ ծնկի իջնել՝ ի նշան խաղաղ բողոքի ռասայական խտրականության եւ ոստիկանական բռնության դեմ։ Թրամփը դրանից հետո նշել էր, որ այլեւս չի դիտի ազգային հավաքականի հանդիպումները։

«ՖԻՖԱ-ն հավատարիմ է ֆուտբոլում ամեն տեսակի խտրականության նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության սկզբունքին։ Բոլորս պետք է «ոչ» ասենք ռասիզմին եւ բռնությանը։ Այսպիսի հարցերի քննարկման ժամանակ ՖԻՖԱ-ն հանդես է գալիս հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի եւ առողջ բանականության դիրքերից»,- նշվում է ՖԻՖԱ-ի հայտարարությունում, փոխանցում է AP-ն։

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ծնկի իջնելու արգելքը սահմանել էր 2017-ին, երբ կանանց ԱՄՆ-ի հավաքականի խաղացող Մեգան Ռապինոն Թաիլանդի դեմ հանդիպման ժամանակ հիմնի ժամանակ ծնկի էր իջել։