«Փաստ» թերթը գրում է. «Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ հանդիպումը կանցկացնի՝ ընդունելով Էստոնիայի հավաքականին: Նախորդ խաղի անդեմ, անբովանդակ խաղից ու պարտությունից առավել վերջին օրերի գլխավոր թեման մեր թիմի ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական չգալն է:

Պատճառների մասին դեռ երկար կխոսվի, գուցե Հենրիխն ինքը մի օր առավել մանրամասն ներկայացնի ամեն ինչ:


Դեռ հարկ կլինի անդրադառնալ, թե ինչու դիվանագիտական անձնագիրը վերցրեցին Հենրիխի ձեռքից, թե ինչու վիրավորեցին նրա մայրիկին, թե ինչ հետեւանքներ կունենար նրա՝ կարանտինային այս օրերին Հայաստան գալն ու Իտալիա վերադառնալը:

Սակայն հանրության որոշակի շերտերի արձագանքը, ընդ որում՝ մեծամասամբ որոշակի շրջանակների կողմից ուղղորդված, ցույց են տալիս մեր իրականության, մեր հասարակության առանձին հատվածների պահվածքի ու մտահորիզոնի փաստացի դրվածքը:

Այսպես մենք մի գիշերվա մեջ կարող ենք երեկվա հերոսից կերտել դավաճան ու հակառակը: Տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառաբանություններով հավաքականի հրավերը մերժողները այսօր հերոսներ են, քանզի, ի վերջո, ֆուտբոլի համար արդեն պատկառելի տարիքում, կարիերայի ավարտին համաձայնել են գալ հավաքական, իսկ երկրի պատիվը տարիներ շարունակ բարձր պահողը, հավաքականի նվիրյալ ավագը, որը գոնե անկախությունից հետո միանշանակ լավագույն հայ ֆուտբոլիստն է, կարող է պիտակավորվել ամեն մի անարժանի կողմից:

Սա վերջին ավելի քան երկու տարվա մեր իրականության փաստացի արտացոլումն է, երբ վաստակ ու պատիվ ունեցողներին կարելի է «ոտնատակ» տալ՝ ընդամենը մեկի քմահաճույքով կամ ցանկությամբ, երբ նույնիսկ Արցախյան ազատամարտը կարող է ստվերվել՝ հավասար կամ ավելի վեր դասելով իշխանափոխությունը, երբ իշխանությունների «թանին թթու» ասող մտավորականներին կարելի է պախարակել, անարգանքի սյունին գամել՝ «հերոսացնելով» Նիկոլ Փաշինյանին աստվածացնողներին:

Սա բումերանգ է, ու մի օր շրջվելու է հենց նման դրսեւորումներ հրահրողների դեմ: Ուրացման ճանապարհը տանելու է փակուղի, մեր հասարակությունն այդպիսին չի եղել, եկեք այդպիսին չդարձնենք: Հ.Գ.-Մեր տղաներին հաղթանակներ մաղթենք՝ Հենրիխի հետ, թե առանց նրա: Ինչպիսի խաղ էլ խաղան, բոլորս միշտ նրանց կողքին պիտի լինենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում