Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը վրացիների դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում հանդես է եկել հայ զինվորին նվիրված խաղակոշիկներով: Խաղակոշիկները Հայաստանի դրոշի գույներով ու հայ զինվորի պատկերով են:

Այդ խաղում ղազախական «Աստանայի» ֆուտբոլիստը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ: Բարսեղյանը գոլային փոխանցումների թիվը հասցրեց 4-ի, ինչը լավագույն ցուցանիշն է Ազգերի լիգայի այս մրցաշարի բոլոր դիվիզիոններում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով: Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի մակեդոնացիների հետ։