Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից հետո խոսել է «Ռեալ» տեղափոխվելու մասին։ Փարիզյան թիմը հաղթել էր 1։0 հաշվով ավելացված ժամանակում Մբապեի խփած գոլի շնորհիվ։

«Այս խաղը չի կարող ազդել իմ ապագայի վրա։ Ես դեռ ոչինչ չեմ որոշել։ Ձգտում եմ ցուցադրել իմ առավելագույնը։ Հետո կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Ես հիմա խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում։


«Ռեալ» տեղափոխվելու հավանականությանը չի խանգարում խաղալ նրանց դեմ։ Ամեն ինչ շատ հեշտ է։ Պետք է պարզապես ֆուտբոլ խաղալ։ Մենք շատ ենք հարցեր տալիս, շատ ենք խոսում»,- Մբապեի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Մբապեն դեռ չի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում նա ՊՍԺ-ի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։ Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո։ Սպասվում է, որ նա ամռանն անվճար կմիանա «Ռեալին»։