«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրյույնեն Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության խմբային փուլի առաջին 4 տուրերում ավելի շատ է վազել, քան ցանկացած այլ մեկը, սակայն վազքի միջին արագությամբ չի ընդգրկվել նույնիսկ թոփ-5-ում:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը առաջին 4 խաղերի 360 րոպեի ընթացքում 48,052 մետր տարածություն է հաղթահարել, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Բելգիացին 1 րոպեի ընթացքում միջինը 133,48 մետր է վազել, բայց սա ընթացիկ խաղարկության ամենաբարձր ցուցանիշը չէ, եթե հաշվի առնենք միջին արագությունը: «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը մեկ խաղ պակաս է անցկացրել, բայց ընդհանուր առմամբ 37,935 մետր տարածություն է հաղթահարել, այսինքն միջինում շարժվել է րոպեում 140,50 մետր արագությամբ, կամ` 8,43 կմ/ժ:

Համեմատության համար նշենք, որ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 360 րոպեի ընթացքում 36,870 մետր է վազել` միջինում 6,145 կմ/ժ արագությամբ, իսկ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին` 360 րոպեում 29,802 մետր, այսինքն միջինում` 4,97 կմ/ժ արագությամբ: