Ընդհանրապես ցանկացած զարգացած երկրում բնակիչները և քաղաքացիները աշխատում են, ձեռք բերում որոշակի եկամուտ, որի մի մասը բաժին է հասնում պետությանը՝ վճարվող հարկերի, տուրքերի և այլ վճարների միջոցով: Տրամաբանական է, որ պետական բյուջե վճարվող հարկերից հոգվում են պետության և դրա քաղաքացիների հասարակական կարիքները:

YerevanNews.am-ը արդեն մի քանի օր առաջ անդրադաձել էր Էրեբունի վարչական շրջանում շտապ վերանորոգման կարիք ունեցող կամուրջի խնդրին, որը երկու փողոցները իրար կապող միակ օղակն է։ Կամուրջը գտնվում է բավականին բանուկ մասում և բնակչության կողմից հաճախ է օգտագործվում։ Ինչպես նախորդ անգամ այնպես էլ հիմա ներկայացնում ենք նաև լուսանկարներ, որտեղ ակնհայտ երևում է իրավիճակի ամբողջ լրջությունը։

Մեր, ինչպես նաև Նոր-Արեշի բնակիչների նախորդ անգամվա խնդրանքն ու հորդորը, սակայն, այդպես էլ անպատասխան մնաց։ Այսինքն, կամուրջը վերջիվերջո վերանորոգվեց, սակայն ոչ այն մարդկանց կողմից ումից ակնկալում էինք։ Ներկայացված լուսանկարներում պարզ երևում է, որ կամուրջը վերանորոգվել է, սակայն այս խնդիրը լուծվել է ոչ թե Էրեբունու թաղապետարանի կամ Երևանի քաղաքապետարանի միջամտությամբ, այլ տեղի բնակիչների։ Բնակիչները՝ գտնվելով հուսահատության շեմին, որոշել են այս խնդրին լուծում տալ ինքնուրույն։

Մեզ հետ զրույցում բնակիչներից ոմանք հայտնեցին, որ կազմակերպվել է դրամահավաք, որին սեփական կամքով մասնակցել են Նոր Արեշի բնակիչների մի մասը։ Հավաքվել է մոտ 70 000 դրամ գումար, որի միջոցով էլ հնարավոր է դարձել կամրջի վերանորոգումը։ Գնվել են միայն անհրաժեշտ պարագաները, իսկ մնացած աշխատանքները կատարվել են բնակիչների ուժերով:

Սա, իհարկե գովելի է, որ երևանցիներն իրենց ուժն ու եռանդն են ներդնում սեփական քաղաքը ավելի բարեկարգ դարձնելու գործում, բայց այս դեպքում առաջանում է մեկ տրամաբանական հարց․ ինչո՞ւ ենք մենք վճարում հարկեր և ի՞նչ նպատակով են դրանք օգտագործվում, եթե չեն հոգվում անգամ մարդկանց առաջին անհրաժեշտության կարիքները։ Ինչո՞ւ պետք է Էրեբունու շրջանի բնակիչները աշխատանք կատարելուց, վարձատրություն ստանալուց և հարկերը վճարելուց բացի կատարեն լրացուցիչ ծախսեր և աշխատանք ու վերանորոգեն կամուրջը, ինչը ըստ էության նրանց պարտականությունների մեջ չի մտնում։