Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի օրվան՝ մայիսի 5-ին նվիրված, Շառլ Ազնավուրի հրապարակում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը՝ Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ների «Անկախ կյանքի հայկական ցանցի» համագործակցությամբ, մեկնարկեց ֆլեշ-մոբ: Արդեն երկրորդ տարին է, այս օրն ամբողջ Եվրոպայում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի գաղափարի ընկալմանը և համապատասխան հնարավորությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ:

Ֆլեշ-մոբի նպատակը հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը խոչընդոտող երևույթների վրա սևեռելն է: Մասնավորապես, ակցիան ուղղված է հաշմանդամների համար նախատեսված կայանատեղերի ապօրինի զբաղեցման խնդրին:

Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին հարակից փողոցներով: Սայլակ օգտագործող անձանց համար նախատեսված կայանատեղերն ապօրինի զբաղեցրած մեքենաների վրա փակցվեցին իրազեկող թռուցիկներ:

«Ունիսոն» հասարակական կազմակերպության տնօրեն Արմեն Ալավերդյանը նշեց, որ մայրաքաղաքում արդեն նկատվում են դրական տեղաշարժեր, թեքահարթակներ են կառուցվում, բայց մինչև հիմա դեռ չկա այն մշակույթը, որ գոնե նորակառույց շինությունները հարմարեցված լինեն ազատ տեղաշարժի համար, հարմարեցված լինեն սանհանգույցները և հաշվի առնվեն նման այլ նրբություններ:

Ակցիայի մասնակիցներից Քրիստինե Փիրուզյանը, ով հաշմանդամություն ունի, աշխատում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում և Երկիր մեդիա հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող: Կարողանում է համատեղել երկու աշխատանքներն էլ, խոչնդոտներ չի տեսնում և, ինչպես հավաստում է, սիրով է կատարում իր աշխատանքը: Նրա կարծիքով՝ մեծացել է հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատելու պոտենցիալը, գործատուները դա տեսնում են, և հավանաբար դա է պատճառը, որ վերջին տարիներին ավելի է հեշտացել աշխատանք գտնելը:

Երևանի պետական մանկավարժական համալսարանում հոգեբանության մասնագիտությամբ սովորող, հաշմանդամություն ունեցող Նարե Ալավերդյանը քաղաքում ազատ տեղաշարժի հնարավորությունների մասին նշում է, որ մայրաքաղաքը շատ, թե քիչ հարմարեցված է սայլակով տեղաշարժվելու համար, բայց կան շատ հասարակական վայրեր, որտեղ այցելելու համար եթե ոչ ինքը, (քանի որ հենակներով է տեղաշարժվում) ապա սայլակով մարդը հաստատ խնդիրներ կունենա մուտք գործելու համար: Ինչ վերաբերում է կրթական հաստատություններ ելումուտի հարմարեցվածությանը՝ Նարեն հավաստում է, որ այդ առումով մեծ աշխատանքներ են տարվում, ամենատարբեր միջոցառումներն են իրականացվում Բուհերի հարմարեցման համար:

Ակցիայից հետո «Ունիսոն» ՀԿ-ի տնօրենը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց խնդրի մանրամասների մասին: Նա նշեց, որ բոլոր հասարակական կազմակերպությունների համար գոյություն ունի այսպիսի մի սկզբունք՝ չկիրառել սահմանափակ միջոցներով մարդ արտահայտությունը: Արմեն Ալավերդյանը կարևորեց այս սկզբունքը, քանի որ կարծում է, որ լրատվամիջոցները, փորձելով հնարավորինս զգույց արտահայտվել սոցիալական խնդիրներ ունեցող անձանց մասին գրելիս, ավելի շատ են սխալվում:

‹‹Մեր երկրում ֆինանսի խնդիրը չէ, որ գերակա է, այլ կարծրացած մտածելակերպն է խնդիր: Մեր հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար ինքնուրույն, լիարժեք կյանքի պայմաններ ստեղծելն է, որպեսզի նման խնդիրներ ունեցող մարդիկ կարողական իրենց կյանքն ու գործունեությունը կազմակերպել առանց կողմնակի օգնության՝ ինքնուրույն››,- տեղեկացնում է կազմակերպության տնօրենը և հավելում, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հասնում է շուրջ 200. 000-ի:
Ներառական դպրոցների մասին դրական կարծիք հայտնելուն զուգահեռ՝ Արմեն Ալավերդյանը նշեց առկա խնդիրների մասին, մասնավորապես, սանհանգույցի անհարմարությունների մասին, որոնք գործող մոտ 130 ներառական դպրոցներում կան, և կասկածները շատ են, թե 2025 թ., երբ կունենանք համընդգրկուն ներառական կրթական համակարգ, որքանով այդ և մի շարք այլ խնդիրները կլուծվեն:

«Ունիսոն» հկ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը միջավայրի հարմարեցման առանձնահատկություններին անդրադառնալուց զատ խոսեց նաև այն երևույթի մասին, որ հաշմանդամություն ունեցող մարդուն չափազանց շատ ուշադրություն դարձնելու դեպքում ընկնում է նրա աշխատունակությունը:

«Ունիսոն»-ը Հայաստանում առաջին «Անկախ կյանքի կենտրոնի» ստեղծողն է, իսկ Անկախ կյանքի հայկական ցանցը, որը ստեղծվել է 2012 թ., միավորում է հաշմանդամության ոլորտում գործող ակտիվ հասարակական կազմակերպություններից «Ունիսոն», «Փյունիկ», «Փրկություն», «Հույսի Մեծամոր», ‹‹Հավատ››, Հայստանի պարալիմպիկ կոմիտե, Հայաստանի խուլերի միավորում, Հայստանի կույրերի միավորում և այլ ՀԿ-ներ:

Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան