Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական միության հարևանության ներդրումային ծրագրի աջակցությամբ իրականացվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի վերականգման 30 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը:

Ծրագրի առաջին փուլի համար անհրաժեշտ 15 միլիոն եվրո գումարը տրամադրել են եվրոպական աղբյուրները. 5 միլիոն եվրո արժողության դրամաշնորհ է հատկացվել Եվրամիության Հարեւանության ներդրումային գործիքի միջոցով, 5 միլիոն վարկ Եվրոպական Ներդրումային բանկի կողմից, ինչպես նաեւ 5 միլիոն վարկ եւ 1 միլիոն տեխնիկական համագործակցության դրամաշնորհ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից:

Առաջին փուլի համար ծրագրում ընդգրկվել է անվտանգության միջոցառումների ֆինանսավորումը` գնացքի, սայլակների եւ անվտանգության խնդիրներին առնչվող տարբեր տեսակի միջոցների ձեռք բերման համար: Մետրոյի վերականգնողական նախագծով նախատեսվում է շարժակազմի նորացում, ռելսային ուղիների բարելավում, էներգամատակարարման վերանորոգում, պոմպերի փոխարինում, տեխնիկական սպասարկման ձեռնասայլակների ներդնում:

Մայիսի 11-ին տրվել է ծրագրի երկրորդ փուլի կարևորագույն բաղադրիչի՝ դրենաժային թունելի երկարացման և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների մեկնարկը: Այս ամենի նպատակը մետրոյի վազորդային թունելներ ներհոսող ստորգետնյա ջրերի զգալի նվազեցումն է, և դրանց ուղղորդումը դեպի Հրազդան գետ: Մետրոյի վազորդային թունելների հարևանությամբ գործող դրենաժային թունելը ձգվում է ‹‹Զորավար Անդրանիկ›› կայարանից մինչև Հրազդան գետ՝ ջրթափ պորտալը: Այն պետք է երկարաձգվի գոյություն ունեցող դրենաժային թունելի արևելյան ճյուղի ծայրից մինչև մետրոպոլիտենի ‹‹Հանրապետության Հրապարակ›› կայարանի հյուսիսային մասում գտնվող պոմպակայանը, որտեղ նկատվում է ստորգետնյա ջրերի ուժեղ հոսք:

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող դրենաժային թունելի երկարացում մոտ 930 մ, մետրոյի վազորդային թունելներում դրենաժային միջոցառումներ, երեսարկի հետևի դատարկությունների լցոնում և չուգունե երեսարկի հակակոռոզիոն աշխատանքներ: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ ծրագրի իրականացման ժամկետը քսանչորս ամիս է:

Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մետրոպոլիտենի վերականգման ծրագիրը ֆինանսավորող կառույցներին, Մետրոպոլիտենի աշխատակիցներին սրտացավ վերաբերմունքի համար: Նա կարևորել է վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությունը անվտանգ ուղևորափոխադրության տեսանկյունից, և հավելել, որ այսքանով ծրագիրը չի ավարտվում. դեռ շատ աշխատանքներ կան, որ պետք է կյանքի կոչվեն:

Հեղինակ՝ Նելլի Թադևոսյան