Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝ ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի: Այս մասին Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին ուղղված իր բաց նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն Մարգարյան

Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝ տեսեք ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի եւ կրկին եկել եմ, ես արժանի եմ ձեր ձայներին: Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար:

Շատ լավ հիշում եք այն նամակը, որը ես ստանալուցս հետո անմիջապես փոխանցեցի Ձեզ: Մայիսի 30-ին լրագրողի հետ այցելեցինք Շիրազի 14 հասցե, որտեղ հանդիպեցինք բողոքող բնակիչների հետ:

Իհարկե Դուք անմիջապես այնտեղ ուղարկեցիք պարոն Ավետ Մարտիրոսյանին, ով եկավ ու ասեց, որ ամեն ինչ օրինական է եղել, ծառեր չեն կտրվել, այնինչ դրանք կտրվել են դեռ 2012-ին: Այս պատմությունը հին է եւ հետաքրքիր նրանով, որ երբ այս բնակիչները 2013թ. նախընտրական արշավի ժամանակ Ձեզ անձամբ են դիմել ու Դուք իրենց նամակը դնելով ծոցագրպանը, նրանց խոստացել եք հարցը վերանայել, պարզվում է հարցը չեք վերանայել ու գործի է դրվել 2012թ. մայիսի 30-ին Ձեր իսկ տված շինթույլտվությունը: Ի դեպ բնակիչներից մեկն ասաց, որ այն օրվանից հետո հավանաբար այդ կոստյումն այլեւս չեք հագել, որպեսզի տեսնեք, որ ծոցագրպանում բողոք-նամակ ունեք Ձեր ընտրողներից:

Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ 18.05.2006թ. ՀՀ կառավարության թիվ. 912-Ն որոշմամբ (տարօրինակ է, որ Երեւանի տարածքի սեփականաշնորհման իրավունքը կառավարության որոշմամբ է տրվել անհատի) տրված տարածքի սեփականության իրավունքը Դուք չէիք կարող չեղյալ համարել, սակայն բնակիչներին խոստացել էիք, որ այդ տարածքում շինարարություն թույլ չեք տա, չնայած արդեն տվել էիք և իրենք էլ գիտեին այդ մասին ու գործին ընթացք էր տրվել դատարանում: Ավելի լավ կլիներ միանգամից ասեիք , որ իրենց բարձրացրած խնդիրն անլուծելի է, որովհետեւ նույնիսկ դատարանի վճռով քաղաքապետարանի տրված շինթույլտվությունը ապօրինի ճանաչելուց հետո, միեւնույն է քաղաքապետարանը դատը շահել է:

Այս պատմությունը նման է Եղբայրության 22/9 շենքի բնակիչների բողոքին, որոնց հանգստացնում եք, ինչպես հայտարարեցիք ավագանու վերջին նիստի ժամանակ, որ այդ հասցեում շինթույլտվություն չեք տալու, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ տարածքի սեփականատերը օրերից մի օր որոշի այնտեղ կառուցապատել ու Դուք տալու եք շինթույլտվությունը՝ պատճառաբանելով, որ տարածքը սեփականաշնորհված է:

Պարոն Մարգարյան, Դուք երիտասարդ եք և Ձեր կարիերան շարունակելու նպատակով 2 տարի հետո էլ կմասնակցեք հաջորդ ընտրություններին ու նախընտրական քարոզարշավի ժամանակ նորից կգնաք այդ բակեր եւ ամեն ինչ կանեք, որպեսզի այդ բնակիչները ընտրեն Ձեզ, բայց Դուք չեք կարողանալու բաց ճակատով ասել՝ տեսեք ժողովուրդ ջան, խոստումս կատարեցի և կրկին եկել եմ, ես արժանի եմ ձեր ձայներին: Անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար»: