Երեւանի քաղաքապետարանն ու Մոսկվայի կառավարությունն ընդլայնում և խորացնում են գործարար կապերը:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Երեւանում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, Մոսկվայում Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաեւ արտադրությամբ, մատակարարմամբ ու արտահանմամբ զբաղվող տեղական ու մոսկովյան մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ երկու մայրաքաղաքների միջեւ առկա համագործակցության ծրագիրը բոլոր ուղղություններով փոխշահավետ գործակցության հնարավորություն է ընձեռում:

«Երեւանն այսօր առանձնահատուկ կարեւորում է նաեւ Մոսկվայի գործարար շրջանակների հետ համագործակցության խորացումը, երկու քաղաքների գործարարների միջեւ նոր կապերի հաստատման ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այս տեսանկյունից Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը եւս արդյունավետ գործակցության նոր հեռանկարներ կստեղծի»,-նշել է Դավիթ Օհանյանը:

Մոսկվայի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ Երեւանի հետ համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու վստահություն հայտնել, որ երեւանյան այցը հանդիպման մասնակից կողմերի միջեւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխշահավետ ծրագրեր կյանքի կոչելու հիմք կդառնա: