Գեղեցիկ և արվեստի գործերով հարուստ է Երևան քաղաքը, սակայն այն մեծ խնամք և հոգատարություն է պահանջում իր նկատմամբ, ինչը հեռու է իրականություն դառնալուց... Երևանի քաղաքապետարանը, քաղաքի առաջ իր պարտավորությունները կատարելիս, չի ցուցաբերում նույնքան եռանդ, որքան պահանջում է քաղաքը, երևանցիները: 

Շրջելով Երևանի փողոցներով YerevanNews.am-ի թղթակիցը մշտապես հանդիպում է անթույլատրելի երևույթների, ինչպիսին են, օրինակ՝ նկարազարդված և կեղտոտ հուշարձանները

Մենք կապ հաստատեցինք հայտնի քանդագագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանի հետ, ով քիչ ներդրում չի ունեցել քաղաքին ներկայիս տեսքը հաղորդելու գործում: 

Երևի թե, մեր մայրաքաղաքում ամենասիրված արձաններից մեկը Կարաբալայինն է, որի հեղինակը Դուք եք: Կպատմե՞ք «Կարաբալային պատմությունը»:

- Այո՛, բա իհարկե: Քաղաքում ինչքա՜ն շատ բաներ ունեմ ես...

Դա 70-71 թվականն էր, երբ քաղաքապետ դարձավ Համբարձում Գալստյանը: Ես էլ շատ մտերիմ էի նրա ընտանիքի հետ, շատ ազնվագույն և ինտիլիգենտ մարդիկ էին: Ինքն ինձ ասաց. «վարպե՛տ, խնդրում եմ, մեր քաղաքի համար երկու հատ լավ բան պետք է անես, մտածիր ասա...»

Կարաբալան իմ մանկության հիշողություններից է... իմ հայրս Կարաբալայի հետ շատ մտերիմ է եղել, մենք էլ ապրում էինք Փավստոս Բուզանդ փողոցում, իսկ Կարաբալան կանգնում էր մի քիչ վերև՝ բացօդյա «Կովկաս» ռեստորանի մոտ: Հենց դռան առաջ միշտ թարմ, կարմիր վարդեր էր նվիրում...

Հին Երևանի, 30-ական թվականների խորհրդանիշն էր դարձել Կարաբալան, բոլորը սիրում էին, որովհետև նա չէր վաճառում. նա ծաղիկները նվիրում էր երիտասարդներին, մասնավորապես՝ նորապսակ զույգերին:

Շատ բարի ծերունի էր, ծաղիկ նվիրող...1995թ.-ի դեկտեմբերն էր, հիշում եմ՝ առատ ձյուն էր գալիս, տեղադրեցինք, բացումն արվեց շատ մեծ շուքով:

Նույնիսկ Եղիշե Չարենցն է Կարաբալայի մասին բանաստեղծություն գրել.

«Հագնում էր նա մեկ մակինթոշ,

Մեկ էլ տեսար՝ չուլ ու փալաս,

Չգիտեիր` արտի՞ստ է նա,

Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա»:

Հիշում եմ, Կարաբալան մի թուրք լակոտի է դանակահարում, որը շրջում էր դերասանուհի Արուս Ոսկանյանի հետևից: Իսկ Կարաբալան ինքն է սիրահարված լինում Արուս Ոսկանյանին: Դրանից հետո նրան ձերբակալում են և տեղափոխում երևանյան բերդի ճիշտ նույն բանտախուցը՝ որտեղ Չարենցն է եղել: Այդտեղ էլ ծանոթանում են...

Լևոն Թոքմաջյանը նաև նշեց, որ միշտ այցելում է Կարաբալային. «գնում տեսնում եմ ծաղիկներ են դրված, հետևի խանութի աշխատողները միշտ խնամքով են վերաբերվում»:

Իսկ երկրորդ «լավ բանը», որ պետք է քաղաքի համար աներ վարպետը, դա Լեոնիդ Ենգիբարյանի արձանի կերտումն էր, որը հետագայում տեղադրվեց Կրկեսի դիմաց: