Օգոստոսի 13-ին Կառավարության նիստում որոշում ընդունվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ին։ 

Այս մասին YerevanNews.am-ը խոսեց հայ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Գետիկ Բաղդասարյանի հետ:

- Մեր հպարտությունն է, ինչպե՞ս կարելի է վաճառել: Մարզահամերգային համալիրը ես համարում եմ մեր ազգի պարծանքներից մեկը, որպես ճարտարապետական բարձր արժեք։ Հետո՞, մենք եթե ամենինչ ծախենք, մեզ ի՞նչ է մնալու։ Որոշմանը համաձայն չեմ։ Պետք է պետությունը տեր կանգնի այդ ամենին։ Այդ 30 մլն դոլարը ի՞նչ անցք է փակելու։

Ենթադրենք տվեցինք ուրիշին․․․խնդրեմ, քա՞նի բան այդպես տվեցինք․ Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, Փակ շուկան։ Այս բոլորի արժեքները կորել են՝ դարձնում են այն ինչ ուզում են։ Եթե վաճառում են, գոնե պայման դնեն, որ այն չպետք է փոխվի:

Մենք առանց այդ էլ այնքան զվարճանալու բաներ ունենք․․․խաղատներ են սարքելու հա երևի՞․․․․այնտեղ դրանք այդքան անհրաժե՞շտ են։ Մենք ուրիշ խնդիրներ չունե՞նք լուծելու։ Այսպիսի որոշումները շատ հեռանարային մտածելուց հետո պետք է կայացվեն։ Ամենինչ չէ, որ պետք է վաճառվի և տրվի ուրիշին, բա մեզ ի՞նչ է մնալու։

Այն էլ Ծիծեռնակաբերդի կողքին, որ մեր Եղեռնի հուշարձանն է այնտեղ դրված։ Հետո՞ էլ բան ու գործ չունենք, պետք է միայն զվարճանանք՞։ 

Հնարավոր է «կուկուռուզնիկի» ճակատագրին չարժանանա, բայց այդ ուղղությամբ է գնում։ Իսկ թե ինչ կլինի հիմա ասել չենք կարող, քանի որ նրանց մտքերը չգիտենք։ Չի կարելի ամենինչ ծախել, Կոնյակի գործարանը ծախեցին, սա ծախեցին, Գինու կոմբինատը ծախեցին: Գոնե այնպիսի մարդիկ հանդիպեն, որ չփչացնեն, բայց հիմնականում փչացնում են էլի։

Այդ 30 մլնը ի՞նչ է անելու, որ կողմն է լրացնելու, ինչ-որ մի հարց լուծելու է․․․չէ, քամուն են տալու գնալու է։ Ավելի խելոք պետք է մոտենալ այդ հարցերին։

Ես հիշում եմ, որ Համալիրը հրդեհվել էր, Կարեն Դեմիրճյանը, ինչպես էր լաց լինում, ինչպես էր մղկտում, կարծես իր երեխան լիներ։ Իսկապես լաց էր լինում ու անկեղծ էր։ Մարդիկ այդքան չարչարվել, ծախսեր էին արել նշանակում է ի սրտե մղկտում էր էլի։ Երբ պետք է արդեն գործեր՝ հրդեհվեց։ Արագ վերականգնեցին...իսկ հիմա «քամուն տալու վերաբերմունք» է այդ բոլորը։

Դրանով մենք հպասրտանում ենք, այսօր դնում վաճառում են։ Մի՞թե կարելի է բոլոր ազգային արժեքները վաճառել։ Տեսնենք հաջորդն ինչ են ծախելու, հետո ինչ է լինելու․․․մեր պետությունը 30 միլինով հզորանալու է հա՞․․․պետք է վերջ տալ վաճառելուն։

Պարոն Բաղդասարյանը նշում է նաև, որ այսպիսի մշակութային և պետական արժեքներ վաճառելիս պետք է ինչ-որ քաղաքականություն մշակվի, ինչ-որ գումար դրվի, հովանավորներ լինեն, սրտացավ վերաբերմունք ցույց տան: