«Օրենքի առջև բոլորը հավասար են»

Այս սկզբունքին, առաջին հերթին, պետք է հավատարիմ լինեն պետական կառույցներն ու մարմինները, որից հետո այն սերմանեն քաղաքացիների մեջ: Հայաստանում այս սկզբունքը ոչ միայն չի գործում, այլև կիրառվում է հակառակ ազդեցությամբ:

Երևանի քաղաքապետարանի գործողությունների շնորհիվ կասկածի տակ դրվեց բազմաթիվ հայ ընտանիքների բարրօրությունը: «Գարեգին Նժդեհի» հարակից գետնանցումում քաղաքապետարանի աշխատակիցները պահանջում էին առևտրականներից ազատել բուտիկների դիմացի տարածքը, որտեղ ընդհամենը մի քանի փոքրիկ սեղանիկներ էին դրված:

Այսօր, YerevanNews.am-ի թղթակիցը առաջնորդվելով վերը նշված սկզբունքով շրջեց Երևանի Բարեկամության մետրոյի գետնանցման տարածքում և փորձեց պարզել, թե որքանով է արդարացի գործում Երևանի քաղաքապետարանը (տեսանյութը դիտեք այստեղ): Տեսանյութում ակնհայտ երևում է, որ գետնանցումում առևտրով զբաղվող մարդիկ իրենց խանութների դիմաց տեղադրել են և սեղանիկներ, և մանեքեններ, և այլ իրեր: Հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է վաստակել իր օրվա հացը:

Հարց է առաջանում, թե ինչով և ինչու էին Քաղաքապետարանին խանգարում «Գարեգին Նժդեհի» հարակից գետնանցումում աշխատող հասարակ քաղաքացիները: Չէ՞ որ, օրենքի առջև հավասար են բոլորը...չի նշանակում արդյո՞ք սա, որ այս տարածքը շատ է անհրաժեշտ մի ինչ-որ հարուստ օլիգարխի, այնտեղ մի ինչ-որ նոր եկամտի աղբյուր հիմնելու համար:

Կամ, միգուցե, Բարեկամության մետրոյի գետնանցումում աշխատող առևտրականները այդ տարածքը օգտագործելու համար քաղաքապետարանի համապատասխան վարչությանը ինչ-որ «լրացուցիչ գումար» են վճարում:

Նշենք, որ «Գարեգին Նժդեհի» հրապարակի գետնանցումի «մաքրված» բուտիկների սեփականատերերից մեկը, մեզ հետ զրույցում ասել էր, որ սեղանիկներն ու մանեքենները հեռացնելուց հետո առևտրի ծավալը կտրուկ նվազել է՝ մոտ 5 անգամ: Շատ խանութներ այժմ կանգնած են փակման եզրին: Դեռ անհայտ է, թե քանի առևտրական կկարողանա կատարել իր պարտավորությունները բանկերի առջև: Անհայտ է նաև, թե քանի ընտանիք կկորցնի իր եկամտի միակ աղբյուրը:

Նաև կոչ անենք Քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, ոչ թե «մաքրել» նաև Բարեկամության գետնանցման տարածքը, այլ փորձել գտնել լուծումներ և աջակցություն ցուցաբերել մյուս առևտրականների խնդիրներին: