«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեն սահմանամերձ որևէ գյուղի խնդիր լուծելու համար փոխանցելու հարցը անհանգստացնում է բոլոր երևանցիներին: Այս նախաձեռնությանը արդեն միացել են բազմաթիվ մարդիկ և պահանջում են այդ գումարով հոգալ սահմանամերձ գյուղերի որևէ խնդիր: Այս թեմայի մասին YerevanNews.am-ը զրուցեց երգչուհի Ջուսի հետ՝ պարզելով նրա կարծիքը:

- Ես կարծում եմ էտ ճիշտ ա: Կարելի է տոնել, բայց ավելի թեթև, բարեգործական, բայց եթե գումար կա ճիշտ կլինի, որ ուղարկվի: Մենք հա քեֆերի մեջ ենք էլի, տժժում ենք... Երեկ էլ անցնում էի Հյուսիսային պողոտայով ինչ-որ տոն էր... շատ աշխույժ էր, ուրախ միջոցառում էր, չգիտեմ ինչ, բայց սաղ տոնում էինն, ուրախանում, ինչ-որ «տրյուկներ» էին անում: Այսինքն, դա ճիշտ որոշում կլինի: Թող նշվի բարեգործական ձևով, բայց եթե գումար լինի համերգներից, միջոցառումներից, իհարկե, ճիշտ կլինի, որ ուղարկվի հենց այնտեղ:

Դուք այդ օրը ինչ-որ տեղ ելույթ ունենալո՞ւ եք:

- Ես... քանի որ իմ մոտ հիմնականում անգլերեն երգեր են, իրենք միշտ հայերեն են ուզում, բայց եթե առաջարկեն կոնկրետ DJ-ների հետ ելույթ ունենամ, իհարկե, ես կհամաձայնվեմ: Ես միշտ բարեգործականներին մասնակցում եմ: Եթե «ճիշտ բարեգործական» է, որովհետև մեկ-մեկ լինում է գումարը գնում է կազմակերպիչների գրպանները, ոչ թե այնտեղ որտեղ պետք է:

Եթե մասնակցեիք, Ձեր հոնորարը կփոխանցեի՞ք որևէ գյուղի խնդրի լուծմանը:

- Հա, իհարկե... եթե ինձ խնդրեն այդ օրը բարեգործական գամ, երգեմ, իհարկե, ամբողջ գումարը թող գնա որևէ գյուղ: Դա ճիշտ է ու ոչ միայն Էրեբունի-Երևան տոնին պետք է լինի, այլ միշտ.... եթե այդպիսի կազմակերպություններ լինեն, որոնք իսկապես կզբաղվեն այդ գործով... երգիչներին կհավաքեն ու գոնե ամիսը 3 անգամ անեն այդպիսի միջոցառումներ... այդպես ավելի ճիշտ կլինի, ոչ թե միայն Էրեբունի-Երևան տոնի հետ կապված: