Երևանի նվիրական հասցեներից. Պուշկինի փողոց, 38 շենք: Այս տանն է 1918-20 թթ. ապրել հայ մեծ զորավար գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանը (1862-1937):

1917 թվականի վերջին ռուսական զորքերի նահանջից հետո՝ 1918-ի հունվարին Մովսես Սիլիկյանը, հաշվի առնելով նրա ռազմական փորձառությունը 1-ին աշխարհամարտի Կովկասյան ճակատում, նշանակվում է Հայկական բանակային կորպուսի 1-ին հրաձգային դիվիզիայի, ապա՝ Երևանյան զորախմբի հրամանատար։ Կարճ ժամկետում Սիլիկյանը կարողանում է ստեղծել մարտունակ կանոնավոր զորամասեր, որոնք պատրաստ էին ետ մղել թուրքական զորքերի հարձակումները և իրենց պաշտպանության տակ էին վերցրել Երևանը։ Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանի հրամանով 1918 թ. մայիսի 21-27-ին Մովսես Սիլիկյանը ղեկավարել է Սարդարապատի հերոսական ճակատամարտը և տարել փառահեղ հաղթանակ` փրկելով Երևանը, Էջմիածինը ու մոտակա շրջանները թուրքական զորքերի անխուսափելի օկուպացումից:

Հետագայում` արդեն Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք Սիլիկյանը զբաղեցրել է տարբեր ռազմական պաշտոններ: Հայաստանի խորհրդայնացումից հետո, 1921-ի հունվարին` հայկական բանակի սպայակազմի հետ ձերբակալվեց և աքսորվեց նաև Մովսես Սիլիկյանը: 1921 թ. սեպտեմբերին Սիլիկյանը ազատ է արձակվում և վերադառնում Երևան: 1923-ին ծառայության է անցնում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի գրասենյակում, որտեղ աշխատում է մինչև 1930 թ.: 1927 և 1935 թթ. Մովսես Սիլիկյանը երկու անգամ ձերբակալվում է, սակայն հանցանքների ապացույցներ չլինելու պատճառով ազատվում կալանքից: Հայ մեծ զորահրամանատարը կրկին ձերբակալվեց 1937-ին՝ ազգայնամոլություն տարածելու կեղծ մեղադրանքով և գնդակահարվեց առանց դատի նոյեմբերի 22-ին Ավանի ձորում` ներկայիս Երևանի Կենդանաբանական այգու հարևանությամբ գտնվող տեղանքում:

Ռուբեն Շուխյան՝ ֆեյսբուք