Նապոլեոնի շառավիղը՝ Երևանի զինվորական նահանգապետ... Երևանի 20-րդ դարասկզբի պատմության մեջ կա մի ուշագրավ փաստ՝ Նապոլեոն Բոնապարտի շառավիղներից մեկը մի քանի ամիս եղել է Երևանի նահանգային զինվորական կառավարիչը:

Նկարում. կոմս Լուի Նապոլեոն Բոնապարտն է (1864-1932)՝ ֆրանսիական կայսր Նապալեոն Բոնապարտի տոհմի մի շառավիղը: 1890 թվականին ճակատագրի բերումով նա արտագաղթում է Ֆրանսիայից և հաստատվում Ռուսաստանում, որտեղ անցնում է ռազմական ծառայության, ստանձնում մի շարք ռազմական պաշտոններ ռուսական արքունիքում՝ հասնելով մինչև գեներալի կոչման: 1905-ին Լուի Նապոլեոնը նշանակվում է Երևանի նահանգի զինվորական կառավարիչ: Սակայն ներքին խարդավանքների պատճառով` այն ժամանակ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը կարողանում է ամիսների ընթացքում պաշտոնանկ անել նրան: Լուի Նապոլեոնը հեռանում է Կովկասից, հետագայում՝ նաև Ռուսաստանից:

Երևանում Լուի Նապոլեոնը բնակվում էր քաղաքային Կենտրոնական հրապարակի մոտ գտնվող «Օրիենտ» հյուրանոցում (նկարում)՝ երկրորդ հարկի պատշգամբով սենյակներում: 1906 թ. Լոնդոնում հրատարակված իտալացի պատմաբան և դիվանագետ Լուիջի Վիլարիի «Կրակ և սուր Կովկասում» գրքում հետաքրքիր մանրամասներ կան Լուի Նապոլեոնի մասին, որի հետ 1905-ին Վիլարին հանդիպել էր Երևանում: Մասնավորապես Վիլարին նշում է Լուի Նապոլեոնի բացառիկ կազմակերպչական դերը՝ Երևանում հայ-թաթարական ազգամիջյան բախումները հնարավորինս կանխելու գործում: Հիշատակենք նաև, որ ըստ քաղաքի հնաբնակների հուշերի՝ հենց Լուի Նապոլեոն Բոնապարտի պաշտոնավարման օրոք երևանցիների բառապաշարում հայտնվեց ու սիրված դարձավ ֆրանսերեն «մերսի» բառը:

Ռուբեն Շուխյան-Facebook