ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ հարմարեցված բանալու միջոցով բացել է Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկի դուռը և մուտք գործել բնակարան:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը նշված բնակարանում բնակվել է վարձակալության հիմունքներով և ցուցմունք է տվել առ այն, որ բնակարանից գողացվել է «Տոշիբա» ֆիրմայի համակարգիչ, ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկա, տեսախցիկ և դրամապանակներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողացված համակարգիչը հոկտեմբերի 16-ին վաճառվել է սուպերմարկետի 2-րդ հարկում գործող տաղավարներից մեկի աշխատակցին: Վերջինիս ինքնությունը պարզվել է, համակարգիչը առգրավվել է։

Քրեական գործով ստացվել են սուպերմարկետում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն անձը, ով վաճառել է համակարգիչը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում և տեսանյութում երևացող անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: