«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերգծով այլևս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանն արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որնա գրին քարտ է շահել և օրերս մեկնել է ԱՄՆ:

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին և ուղարկել էր կադրերի տրամադրության ռեզերվ:

Կադրային սույն փոփոխությունն անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը: Նա առանձնակի աչքի էր ընկել և 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացրած ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, և դրանից հետո հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում:

Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ:

Փաստորեն անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր և իր նմանների ապականած Հայաստանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: