Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հրաժարվել է գրավոր պատասխանել իրեն ուղղված գրավոր հարցմանը՝ այսպիսով խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

«Ելակետ» մամուլի ակումբը նախատեսում է անցկացնել «Երևան, Նազարբեկյան 48 հասցեում գտնվող անավարտ շենքի ճակատագիրը» թեմայով ասուլիս և դրան մասնակցություն ունենալու խնդրանքով գրավոր հարցում է ուղարկել վերը նշված բաժին, սակայն սահմանված 5-օրյա ժամկետը լրանալուց հետո չի ստացել համապատասխան գրավոր պատասխանը:

Այնուամենայնիվ կազմակերպիչ լրագրողը զանգահարել է տվյալ վարչություն, որտեղից նրան պատասխանել են, որ իրենք համապատասխան մասնագետ չեն կարող տրամադրել, այնուհետև հրաժարվել են նաև գրավոր տեղեկացնել սույն մերժման մասին: Վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը ասել է նաև, որ «օրենքը իրեն լիազորում է պատասխանել նաև բանավոր»: Սա «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի խախտում է: Այս հանգամանքը YN.am-ի (YerevanNews.am-Երևան Նյուզ) հետ զրույցում հաստատեցին նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:

Տվյալ օրենքն ասում է. «Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկետվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը»։ (Հոդված 11., կետ 3)

Պարոն Արթուր Գևորգյանը ընդգծել է նաև, որ իրենց վարչությունը չի կարող պատասխանել մի բանի, ինչը իրենց լիազորությունների մեջ չի մտնում: 

Հատուկ պարոն Գևորգյանի համար կմեջբերենք. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումը իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը»: (Հոդված 9., կետ 10)

Այս ամենը վառ ապացույցն է այն բանի, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակիորեն խուսափում է անդրադառնալ Նազարբեկյան 48 շենքին, քանի որ այնտեղ բազում անարդարություններ և անօրինական հանգամանքներ են թաքնված:

Նշենք, որ խոսքը գնում է Երևան, Նազարբեկյան 48 հասցեում գտնվող անավարտ շենքի մասին, որի ապագան մինչ այժմ շարունակում է անհայտ մնալ: Շենքը անավարտ է և չունի տանիք, կոյուղի, վերելակ, 9-րդ և 8-րդ հարկերի պատերը փլուզված են, իսկ անձրևի ժամանակ տներում իսկական հեղեղ է սկսվում: Չնայած այս ամենին, շենքում կա 54 բնակարան, որոնցից 15-ը նվիրաբերվել են պետության կողմից: Այսպիսի պայմաններում են ապրում և մեծանում հայոց ազգի ապագա պաշտպանները և ապագա մայրերը: (Շենքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ):

Երևանի քաղաքապետարանը շարունակում է պնդել, որ շենքը չի գտնվում քաղաքապետարանի հաշվեկշռում: Այդ իսկ պատճառով այս ՀՀ քաղաքացիները չունեն անգամ կոյուղի, քանի որ «Երևան Ջուր»-ը հրաժարվում է այն կառուցել: Նրանք չունեն նաև տանիք, քանի որ Երևան քաղաքի բյուջեից չի տրամադրվում համապատասխան միջոցներ խնդիրը լուծելու համար։