Գիտուններն իմացությամբ չորս կարգի են. նախ, որ գիտե, ու թեպետ գիտե, որ գիտե, ասում է՝ չեմ կարող ասել, սա իմաստուն է և հեզ, սովորիր սրանից, երկրորդ` գիտե, որ չգիտե և խոստովանում է իր անտեղյակությունը, թե` չգիտեմ. սա ևս բարի է, սովորիր այդ. երրորդ` չգիտե և անտեղյակ է, թե չգիտե և խոսում է տգիտաբար, սա հիմար է և չգիտե իր պակասությունը, ինչպես չար հիվանդը, արթնացրու սրան. չորրորդ, չգիտե և գիտե, որ չգիտե, բայց դատարկամիտ հպարտությամբ ձևացնում է, թե գիտե, այսպիսին ամբարտավան է, խուսափիր նրանից:

- Չորս բան են տապալում թագավորությունը՝ բացբերանությունը, չարակամներից չզգուշանալը, չարագործներին հանդուրժելը և սեփական ժողովրդին զրկելը։

- Չորս պատճառ կա, որ կործանում է թագավորությունը, նախ՝ խելքի պակասություն և տգիտություն, երկրորդ՝ ագահություն և կաշառակերություն, երրորդ՝ անառակություն և ողջախոհություն, չորրորդ՝ կծծիություն. սա ամենից ավելի ատելի է ծառաների ու ռամիկների աչքում։

- Չորս բան նշան է անբախտության, անառակներին սիրելը, քսու մարդկանց լսելը, անգետներին մտերմանալը և չարկամներից խորհուրդ հարցնելը։

- Չորս տեսակ մարդուց պետք է հեռու մնալ, որ իր թերին չի տեսնում և ուրիշին է բամբասում, որ ուրիշների բարուն չարով է պատասխանում, որ չի վստահում ընկերոջը և, վերջապես, ստախոս է և մատնիչ։

- Չորս բան կա, որ ցրում է տրտմությունը և աչքերի լույսը զորացնում, կանաչ տեսնելը, ջրի մոտ նստելը, երկնքի լույսը տեսնելը և լավ բանի հանդիպելը։

- Չորս բան գիրացնում են մարմինը. բաղնիք մտնելը, ախորժելի կերակուրներ ուտելը, փափուկ շորեր հագնելը և հաճելի բաներ լսելը։

-Չորս բան առողջացնում են հիվանդին. կանոնավոր սնվելը, անուշ բույրեր հոտոտելը, գուսանի ձայնն ու անուշ քամին։

- Չորս բանից է լինում հանկարծամահությունը. մեծ ուրախությունից ու շատ տրտմությունից, ուժեղ բարկությունից և խիստ վախենալուց։

- Չորս տեղ են փորձում մարդուն. պաշտոնի ու առևտրի մեջ, գինի խմելիս և ճանապարհին։

- Չորս բանի, չի կարելի հավատալ. թշնամու սիրուն, ագահ մարդու երդմանը, անհավատի դաշինքին և անառակ կնոջ սիրուն։

- Չորս տեսակ մարդիկ չեն կարող հարստանալ. առաջինն այն է, որ խոյ է կռվեցնում, երկրորդ այն, որ աղավնի է պահում, երրորդը, որ խաղամոլ է, որ դրամով գումար է խաղում, չորրորդն այն է, որ փողոցներում առուծախ է անում։ Սրանք ամեն ինչով դժբախտ են։

- Չորս բան կա մարդու օգտակար՝ թե հոգուն, թե մարմնին. քիչ ուտելն ու քիչ խմելը, քիչ խոսելն ու քիչ քնելը։ Քիչ ուտելն ու քիչ խմելը մարմնին օգուտ է. անձը թեթև է պահում և զգայությունները՝ հստակ ու մաքուր, մարմինը՝ առողջ։ Քիչ խոսելն ու քիչ քնելը հոգուն է օգուտ, որովհետև եթե շատ քնի՝ կկուրանա միտքը, կխափանվեն հանճարը և զգայությունները, իսկ շատ խոսելը չորացնում է ուղեղը և պատվազրկում մարդուն։ Եթե տասն բան գիտես, մեկն ասա և ինը պահիր. խոսքը գոհարի է նման. անտեղի մի խոսիր, որ չկորցնես, շտապով մի խոսիր, բարկությամբ ու լալկան դեմքով մի խոսիր, այլ, եթե ուզում ես, որ խոսքդ անցնի, մեղմորեն ու ժպտուն դեմքով խոսիր։

Սիրարփի Մարգարյան