Ազատության հրապարակը փետրվարի 7-ին լցվել էր ազգային, հոգևոր երգերի հնչյուններով, երիտասարդների ուրախ պարերով, գունավորվել բազմազան դիմակների, տարազների գույներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին մեծ շուքով նշվում է Մեծ պահքին նախորոդող Բուն Բարեկենդանի տոնը:

Ազգագրական երգի ու պարի համույթները, թատերական խմբերը, եկեղեցասեր երիտասարդները, տարբեր համայնքների հավատացյալները բարձր տրամադրությամբ Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց սկսեցին շքերթը դեպի Ազատության հրապարակ: Այնտեղ արդեն շարունակվեց ուրախ տոնակատարությունը` իր հետևից տանելով նաև անցորդներին:

Ազատության հրապարակի մի կողմից լսվում էր ազգային երգ ու պարի համույթների կատարումները, մի այլ հատվածում ազգային մոռացված խաղերն էին վերակենդանացել, մյուս մասում վաճառվում էին Բուն Բարեկենդանի ուտեստներ, իսկ արվեստ սերների համար գործում էր նկարների ցուցահանդես:

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում են տարբեր ճաշատեսակներ, ուտում են խաշած ձու, զերծ չեն մնում նաև քաղցրեղենից: Բուն Բարեկենդանի տոնական սեղանին նախընտրելի է տեսնել փահլավա, գաթա, հալվա:

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յու աքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատկի տոնը: