Ներկայացվող պատկերում՝ ճանաչված ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի մորական կողմի գերդաստանի լուսանկարն է, արված 1910-ական թվականներին: Ի դեպ, Մարիամը ծնվել է Երևանում 1972-ին, այստեղ է սկսել հաճախել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, որից հետո տեղափոխվել և ուսումը շարունակել է արդեն Մոսկվայում:

Ինչպես պատմում է Մարիամ Մերաբովան՝ իրմորական կողմը սերում էր Թիֆլիսի հանրահայտ Սուլխանյանցների ազնվական տոհմից: Ընտանիքի հայրը՝ Մինասը, վաճառական և արդյունաբերող էր, նա նաև Թիֆլիսում, Էրզրումում, Բաթումում և Օդեսայում անշարժ գույքի խոշոր սեփականատեր էր հանդիսանում։ Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին Մինաս Սուլխանյանցի անունը ներառված է եղել անգամ Թիֆլիսի ամենաազդեցիկ գործիչների ցանկում։ Մինասն ու Մարիամ Սուլխանյանցները ունեցել են 12 երեխա, որոնցից երկուսը մահացել են դեռևս փոքր ժամանակ։ Մինաս Սուլխանյանցը երեխաներին լավ կրթություն է տվել, այդ թվում՝ երաժշտական, բոլորն էլ կարող էին առնվազն մեկ երաժշտական գործիքի վրա նվագել։

Սուլխանյանցների բարեկեցիկ կյանքն ընդհատվեց, երբ Օսմանյան Թուրքիայում 1915-ին սկսվեց հայերի ցեղասպանությունը, որից տուժեցին նաև Սուլխանյանցների ընտանիքի անդամները՝ Էրզրումում։ 1921-ին Վրաստանի խորհրդայնացումից հետո ընտանիքը մի նոր ողբերգություն է ապրում՝ իշխանության եկած բոլշևիկները խլում են ողջ իրենց ունեցվածքը: Այս հարվածը չափազանց ծանր տարավ Մինաս Սուլխանյանցը՝ նա առողջական խնդիրներ ունեցավ և շուտով մահացավ։

Ռուբեն Շուխյան