ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ իրենց բնակարանում կնոջն ու դստերը ծեծելու, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

2016 թվականի մայիսի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս.Մինասյանը, ում նկատմամբ ևս կիրառվել է բռնություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի մայիսի 24-ին Երևանի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկում Ս.Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընտանիքի անդամների՝ կնոջ և դստեր հետ, ծեծել նրանց։ Այնուհետև վիճաբանել է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 118-րդ հոդվածով (ծեծ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: