Երեկ ներկա եմ եղել Երևանի Պուշկինի փողոցի հին տան նկուղում 150 տարի առաջ ստեղծված գինու մառանի բացման շնորհանդեսին: Այդ ամբողջ փողոցը, որպես հանրային գերակա շահ, սեփականաշնորհվել է Սամվել Մայրապետյանի կողմից ու իր սեփականությունն է: Կարծում եմ՝ պարոն Մայրապետյանը շատ է գնահատելու այս փաստը ու նորովի է նայելու իր սեփականության ապագային, որը բարձրահարկ շենքերից պակաս շահութաբեր չի լինելու:

Հիմա կասեք ի՞նչ կապ ունի վերնագիրը վերոնշյալ միջոցառման հետ: Բացատրեմ:

Երևանում որոշ դպրոցների բակեր բռնազավթվել են բնակիչների ու կառուցապատողների կողմից: Այս երևույթը սկսվել է դեռ սովետի տարիներից: Օրինակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.39 դպրոցի բակում շարված են մի քանի փոքր-փոքր տներ, որոնց բնակիչների կենցաղը պարզապես խոչընդոտում է դպրոցի գործունեությանը: Դպրոցը չունի ոչ սպորտային դահլիճ, ոչ սպորտային հրապարակ. սա նշանակում է, որ տարիներ շարունակ ուսումնական պլանով ու պետական չափորոշիչով նախատեսված կրթությունը այս դպրոցում չի կարելի համարել իրականացված: Ի դեպ, այս դպրոցում է սովորել նաև Երևանի նախկին քաղաքապետ, այժմ՝ տրանսպորտի նախարար պարոն Բեգլարյանը, ով, որպես աշակերտ, իր մաշկի վրա պիտի զգացած լինի իր կրթության մեջ այդ շատ կարևոր բացը, ու իր քաղաքապետության ժամանակ ինչ-որ ձևով կարող էր լուծել այս խնդիրը:

Հաջորդ դպրոցը թ. 50-ն է, որի մի մասնաշենքում տեղավորված է Հայաստանի հպարտություն Շախմատի ակադեմիան, և այս դպրոցի ցանկապատին կպած շարված են «Սաունա», «Հյուրանոց», «Լյուքս» ցուցանակով կասկածելի գործունեությամբ բներ: Ուսումնական տարվա ամեն օր դպրոցի աշակերտության ու մանկավարժների աչքի առաջ այս բներում կասկածելի տեր վարքի մարդիկ ելումուտ են անում, որի մասին տարիներ շարունակ բողոքում են ծնողները, ու ոչ մեկը այդ բողոքի ձայնը չի լսում: Ակադեմիայում լինում են ՀՀ նախագահից սկսած՝ տարբեր պաշտոնյաներ ու հյուրեր, և ոչ մեկը չի հարցնո՞ւմ, թե դպրոցի մուտքին կպած այս բներն ինչ գործ ունեն այստեղ:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թ.24 դպրոցի բակն էլ գրավել են ավտոտնակները, ընդ որում՝ դպրոցի երկու մասնաշենքերի միջև սարքված ավտոտնակի վրա էլ գրել են. «Չկանգնել», տեսնես դա ո՞ւմ է վերաբերվում՝ աշակերտների՞ն: Մի՞թե այդ ավտոտնակների տերերը թույլտվություն են ստացել քաղաքապետարանից: Չեմ հավատում, որ նման թույտվություն ունեն:

Իսկ Ամիրյան փողոցի վրա գտնվող Չարենցի անվան դպրոցի պատին կպած բազմահարկ հյուրանոցը գրավել է դպրոցի ներքին բակն ու իր համար դարձրել ավտոկայանատեղ: Նման շինթույլտվությունը խախտում է քաղաքաշինական բազմաթիվ նորմեր, որոնցից ամենակարևորն այն է, որ, Աստված մի՛ արասցե, արտակարգ իրավիճակի դեպքում երեխաների տարհանման լուրջ խնդիր է լինելու:

Նման վիճակ է նաև թ. 78 դպրոցի՝ բառի ամենաուղիղ իմաստով՝ գլխին կառուցած բազմահարկ շենքը, որը, Աստված ո՛չ անի, երկրաշարժի ժամանակ փլվելու է ուղիղ դպրոցի վրա:

Ուզում եմ շեշտել, որ այս վիճակը Երևանում ստեղծվել է շա՜տ տարիներ առաջ:

Ինձ շատ է հետաքրքրում այն հարցը, թե կոնկրետ վերոնշյալ դեպքերում հյուրանոցը նախագծողները, շինթույլտվություն տվողները, կառուցապատողները, այդ բների տերերը երեխաներ ունե՞ն ու արդյո՞ք այս երևույթներով մտահոգված չեն, թե՞ թքած ունեն երեխաների կրթության վրա, որովհետև իրենց երեխաներն այդ դպրոցներում չեն սովորում:

Իմ կարծիքով այս և ցանկացած դպրոցի գրավված տարածքները պետք է ազատագրվեն ու հենց դրանք պետք է կառավարության որոշմամբ ճանաչվեն հանրային գերակա շահ ու քանդվեն, իսկ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկինի փողոցի հին Երևանի մասին վկայող բոլոր տներն իրենց ներքին բակերով, որպես մշակութային տարածքներ, պետք է պահպանվեն կառավարության կողմից: Սա պետք է լինի կառավարության ձեռագիր, դեմք, որին հավանություն կտա մեր հասարակությունը ու որը կզարգացնի տուրիզմը և կփակի հարևան կեղծարար պատմաբանների հանդուգն բերանները:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյան