Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի (նախկին առաջին տպարան) շենքի պայթեցմանը, որը հանրության լայն շերտերի բացասական արձագանքն է առաջացրել։ Ճարտարապետը իր գրառման մեջ դիմել է վարչապետի օգնականներին՝ պահանջելով, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի պայթեցմանը և փրկվի շենքի դեռ մնացած մասը:

Արսեն Կարապետյանի գրառման մեջ ասվում է.

«Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ բողոքի և զայրույթի ալիք բարձրացրեց: Օրը ցերեկով պայթեցվեց Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:

Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով և բնապահպանությունով:

Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել և այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել:

Երկրորդը, էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց և մնացածից, ասում են, որ նույնիսկ հարևաններին չեն զգուշացրել:

Այսօրվա Երևանի քաղաքային իշխանություններին դիմելը անիմաստ է, այդ պատճառով պահանջում եմ, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի և փրկվի շենքի դեռ մնացած մասը»:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է պայթեցվում Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի՝ նախկին առաջին տպարանի շենքը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։