Երևանում դեկտեմբերի 16-ին հարձակումներ են եղել բանկոմատների վրա: «Արմենպրես»-ի ֆոտոխցիկը ֆիքսել է պայթեցված բանկոմատներից մեկը` Սարյան փողոցում: Երկրորդ բանկոմատը, որի վրա եղել է հարձակում, գտնվում է Բաղրամյան փողոցում` ՎՏԲ բանկի մասնաճյուղի կողքին: Հարձակվողները փորձել են այն ևս պայթեցնել, սակայն չեն հասցրել ավարտել իրենց գործը: Բանկոմատի կողքին դեռևս տեղադրված են պայթուցիկները: Տեղում աշխատում են իրավապահները: Սարյան փողոցում շների միջոցով մասնագետներն աշխատանք են տանում գտնելու հանցագործներին:

Քննչական կոմիտեից խոստացան մանրամասներ տրամադրել մի փոքր ուշ: Պաշտոնական մարմինները դեռևս չեն տրամադրում տեղեկատվություն` արդյոք բանկոմատից կարողացել են գումար հափշտակել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 06:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցների միջնամասում ձայներ են լսվում, փախչող մարդիկ են նկատվում: Այս պահին այնտեղ աշխատում են ոստիկանները: Դեպքերի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ: