Այն, որ աշխարհում քչերը գիտեն հայերի մասին և այն, որ հայերի մասին իմացողները գիտեն որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն ապրած ժողովուրդ կամ աշխարհասփյուռ քչաքանակ մի ազգ, որին մեծամասամբ ճանաչում են ժամանակակից հայտնի հայորդիների շնորհիվ, անժխտելի փաստ է: Եթե որևէ հայի աշխարհի որևէ կետում ասեն օրինակ, որ նա Շառլ Անզնավուրի հայրենակիցն է, պետք է ուրախանալ:

Եթե նույն մարդը շարունակի խոսել հայի մասին, թերևս կնշի ինչը՞, իհարկե՝ Ցեղասպանությունը: Դա ուրախալի չէ, բայց կարելի է ի պատասխան ժպտալ այդ օտարին: Եթե բացառություն լինի և այդ մարդը շարունակի նշել, որ հայ ժողովուրդն աշխարհի ամենահին քաղաքակիրթ ժողովուրդներից է և առաջինն է ընդունել քրիստոնեությունը, ապա անշուշտ կարելի է հարգել այդ մարդուն: Սակայն, եթե այդ մարդը չիմանա հայի մասին, բայց իմանալու ցանկություն հայտնի, ի՞նչ պետք է ցույց տա սովորական հայը նրան, որ հասկանա, թե ինչո՞վ է հայը տարբերվում մնացած ազգերից և ի՞նչ մշակութային հարստություն ունի: Այո՛, հենց մշակույթի միջոցով պետք է ազգդ ճանաչել տաս: Իսկ հայկական մշակույթի ինչպիսի «նմուշներ» կան համացանցում, բոլորս գիտենք:

Եթե տվյալ հայը՝ հային բնորոշ խորամանկությամբ համացանցում կարողանա շրջանցել մեղմ ասած՝ ոչ արժեքավոր հայկական մշակույթի «գոհարները», խոսքն իհարկե հայերեն բառերով երգվող թուրքա-արաբա-ուզբեկախառը նոխկալի երգերի մասին է, և կարողանա պեղել միայն քիչ թե շատ արժեքավոր մշակութային կամ պատմական փաստերը, ապա ամենայն հավանականությամբ կկարողա դրական տպավորություն թողնել օտարի վրա: Իսկ թե ինչ կլինի, եթե օտարը ցանկանա ինքնուրու՛յն ծանոթանալ հայի հետ՝ համացանցի միջոցով, նույնիսկ վախեցնող երևույթ է:

Միանշանակ, կարելի է ասել, որ բացասական տպավորություն կստեղծվի հայի մասին տվյալ օտարի մոտ: Եթե մենք՝ հայերս, ուզում ենք ճանաչվել աշխարհի կողմից որպես ինքնատիպ հարուստ մշակույթ ունեցող ազգ, ուրեմն պետք է ցույց տալու, ներկայացնելու բան ունենանք:

Իսկ դրա համար պետք է հարուստ մշակութային պատմության ծովից հավաքել լավագույն գոհարները, մշակել և իցույց դնել ամենամատչելի ձևով: Վստահաբար կարող ենք նշել, որ  «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագիրը հենց այն է, ինչ պետք է:

Քանզի ծրագիրը նպատակ ունի աջակցել հայ մշակույթի, արվեստների տարբեր ճյուղերի, հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտական ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը. ասել է թե հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու է ստեղծվելու վերը նշված նախագծի շնորհիվ:

Իրեն հայ համարող յուրաքանչյուր մարդ պետք է սրտանց ողջունի նախագիծը, որն իրականացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և վաստակավոր ու արհեստավարժ երաժիշտների մասնակցությամբ: Շուտով հայը կարող է հպարտորեն ներկայանալ աշխարհի յուրաքանչյուր կետում և ներկայացնելու ու սեփական ազգին ճանաչել տալու բան կուենան: